Չինաստանի զինվորականները Հարավչինական ծովում պարեկություն են իրականացրել Ֆիլիպինների հետ վիճարկվող խութի մոտ

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը ծովային և օդային պարեկություններ է իրականացնում Հարավչինական ծովում գտնվող Հուանյան խութի (անգլերեն անվանումը՝ Սկարբորո Շոլ) մոտ, որը տարածքային վեճի առարկա է Չինաստանի և Ֆիլիպինների միջև։ Այս մասին հայտնում է Global Times-ը։

Պարեկությանը ներգրավվել են կործանիչներ, YJ-12 հականավային հրթիռներով զինված H-6K ռմբակոծիչ և 055 տիպի ականակիր։

«Հուանյանը Չինաստանի անբաժանելի մասն է։ Չինաստանի բանակի Հարավային ռազմական շրջանի հայտարարության մեջ նշվում է, որ հունվարից ի վեր հրամանատարությունը հետևողականորեն ավելացնում է ծովային և օդային պարեկությունները կղզու շուրջ, վճռականորեն հակազդում է տարածաշրջանի որոշ երկրների կողմից սադրանքներին և ոտնձգություններին, պաշտպանում է Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, պահպանում է խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում»,- նշում է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ Ֆիլիպիններն ավելի վաղ նավիգացիոն նախազգուշացում էին տարածել՝ Հարավչինական ծովի զգալի մասում հունվարի 21-ից մարտի 31-ը զորավարժություններ անցկացնելու ծրագրերի առնչությամբ։ Նախազգուշացումը վերաբերում էր նաև Հուանյանին: Չինաստանի պաշտպանության նախարարությունը քննադատել է այս քայլը՝ ընդգծելով, որ խութը Չինաստանի տարածք է։

Չինաստանը և ԱՍԵԱՆ կազմակերպության (Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) անդամները՝ Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը և Վիետնամը, տարածքային անհամաձայնություն ունեն Հարավչինական ծովում գտնվող մի քանի կղզիների վերաբերյալ։

Ֆիլիպիններն, ամրապնդելով հարաբերությունները Միացյալ Նահանգների և ասիական գործընկերների հետ, կազմակերպում են վիճելի ջրերի համատեղ պարեկություններ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս