Հրապարակվել է Էփշտեյնի գործով ավելի քան 3 մլն նոր փաստաթուղթ․ հիշատակվում են Իլոն Մասկը և Բիլ Գեյթսը
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրապարակել է փաստաթղթերի նոր փաթեթ՝ կապված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշի խոսքով՝ հրապարակվել է ավելի քան 3 միլիոն ֆայլ, այդ թվում՝ շուրջ 2 հազար տեսանյութ և 180 հազար պատկեր։ Նյութերի մի մասը ծածկագրված է զոհերի անձնական տվյալների և ինտիմ բովանդակության պատճառով, սակայն փաստաթղթերում արդեն իսկ հայտնաբերվել են զոհերի չխմբագրված անուններ։
Բլանշը հայտարարել է, որ Սպիտակ տունը փաստաթղթերի հրապարակման գործընթացին չի միջամտել՝ հերքելով պնդումները, թե նախարարությունը պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերը։
Փաստաթղթերում Թրամփի անունը հիշատակվում է։ Սոցցանցերում և մի շարք լրատվամիջոցներում տարածվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթուղթ, որը ներառում է նրա հետ կապված սեքսուալ բռնության մեղադրանքների ցուցակ։ CNN-ը նշում է, որ դրանց մեծ մասը, հավանաբար, ստուգված չէ։ Հրապարակումից հետո նախարարությունը ժամանակավորապես հեռացրել է փաստաթուղթը, սակայն այն կրկին հասանելի է գերատեսչության կայքում։
Էփշտեյնի գործով նյութերում կան նաև վկաների հարցաքննություններ։ Մեկ վկայություն վերաբերում է անչափահաս տարիքում սեռական բռնությանը, մեկ այլում հիշատակվում են Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի և Էփշտեյնի հարաբերությունները։
Ֆայլերում առկա են նաև այլ հայտնի անուններ։ The Telegraph-ը գրում է, որ փաստաթղթերում կան նամակներ, որոնցում հիշատակվում է Բիլ Գեյթսի անունը, սակայն ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել։ Մեկ այլ փաստաթղթում ներկայացված է Իլոն Մասկի՝ Էփշտեյնին ուղարկած 2013 թվականի նամակը։ Մասկը նախկինում հայտարարել էր, որ մերժել է Էփշտեյնի կղզիներից մեկն այցելելու հրավերը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումը սկսել է 2025 թվականի դեկտեմբերին։ Դրանից առաջ Թրամփը ստորագրել էր օրենք, որը պարտավորեցնում է նախարարությանը հրապարակել գործով բոլոր նյութերը։ Ընդհանուր առմամբ գործում առկա է շուրջ 6 միլիոն փաստաթուղթ։
