Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցից օգտվել
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը պատրաստել է օրենսդրական նախագիծ, որը նախատեսում է սոցիալական մեդիայի օգտագործման արգելք մինչև 15 տարեկանների համար, իսկ 15 տարեկանից բարձր քաղաքացիների համար՝ պարտադիր ծնողական վերահսկողություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախագիծը նաև սահմանում է տարիքային չափանիշներ թվային խաղերի համար, ինչպես նաև խիստ վերահսկողություն և պատժամիջոցներ: Նշվում է, որ նախագիծը հունվարի 29-ին ներկայացվելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցությանը:
Հավելենք նաև, որ սոցիալական ցանցերը սպասարկող ընկերությունների համար պարտադիր կդառնա ծնողական վերահսկման գործիքների ապահովումը:
Ըստ այդմ՝ պետք է ապահովվի բաց, հասկանալի և օգտագործմանը հարմար գործիքներ, որոնք կներառեն հաշվի կարգավորումների, օգտագործման տևողության վերահսկման և սահմանափակման հնարավորություններ, ինչպես նաև գնումների, վարձակալության, վճարովի բաժանորդագրությունների ու այլ վճարովի ծառայությունների օգտագործման համար ծնողական թույլտվության կամ հաստատման պարտադիր մեխանիզմներ:
