Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի հավակնի վարչապետի պաշտոնին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից հարց են ուղղել՝ հնարավո՞ր է, որ նոր խորհրդարան անցնեն իր, Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի ուժերը և կազմեն կոալիցիա, և արդյո՞ք այդ ժամանակ իր վարչապետ դառնալը կլինի նախապայման, թե՞ կոմպրոմիսի կգնա:

Ռոբերտ Քոչարյանին նաև հիշեցրել են, որ 2008 թվականին ասել է հետևյալը՝ եթե ՀՀ առաջին նախագահը մտնի ընտրապայքարի մեջ, կդառնա շարքային ընդդիմադիր, մինչդեռ ինքը երկրորդ անգամ է ցանկանում մտնել:

Այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահը նախ ասաց, թե արտոնված ընդդիմադիր է հիմա, և շարունակեց.

«Ես շարքային ընդդիմադիր եմ, բայց նաև տվյալ դեպքում շարքային եմ, թե ոչ, կախված է նրանից, թե տվյալ քաղաքական ուժը քո առաջնորդությունն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է՝ խորհրդարանում ինչ կլինի, կարծում եմ, որ առաջին հերթին ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է հայտարարի՝ բացառում է որևէ համագործակցություն «Քաղաքացիական պայմանագրի» հետ:

Կարդացեք նաև

Դրանից հետո, եթե մի քաղաքական ուժ բավարար ձայներ հավաքի միայնակ կառավարություն ձևավորելու, դա իր իրավունքն է: Օրինակ, ես կնախընտրեի գնալ ավելի լայն կոալիցիայի, որովհետև խնդիրները խորն են, և դրանց հաղթահարումը կոմպրոմիսների ավելի լայն միջավայր է ուզում: Ինչ վերաբերում է, թե հետո ով կլինի վարչապետը, կա շատ պարզ տարբերակ՝ ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջադրվել: Եթե մեր քաղաքական ուժն առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու:

Ես չեմ տեսնում կառավարությունում ինձ որպես նախարար աշխատելիս, բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որ այդ գիտելիքներն ունեն ու կարող են դա անել: Պարզ է, որ ինձ չեմ տեսնում նաև, որ մանդատը վերցնեմ ու դառնամ պատգամավոր, անցած անգամ մանդատը չեմ վերցրել»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, եթե շատ ձայն հավաքած թեկնածուի պատճառով հնարավոր չլինի կոնսենսուսի գալ, կարող է լինել երկու տարբերակ՝ կամ ընտրությունների երկրորդ փուլ, կամ տվյալ քաղաքական ուժը գնա կոմպրոմիսի և մտածի այլ թեկնածուի մասին:

«Իմ կարծիքով, ավելի ճիշտ է՝ չմտնել երկրորդ փուլի մեջ, այլ փոխզիջումային տարբերակով գտնել այնպիսի լուծում, որը թույլ կտա ավելի քիչ ցնցումներով առաջ շարժվել»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս