Եպիսկոպոսաց ժողովի՝ արտերկրում կազմակերպումն ինքնին վկայությունն է Հայաստանի ներսում ստեղծված մթնոլորտի մասին. «Հրապարակ»

Հայ առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, դարեր շարունակ հայ մարդու հոգեւոր ինքնությունը կերտող հիմնասյուներից է եղել, ոչ միայն դիմակայել է ժամանակի փորձությանը, այլեւ դարերի ընթացքում ավելի է բարձրացել Եկեղեցու հեղինակությունը։ Քրիստոնեական ուսմունքը քարոզելուց, տարածելուց ու պահպանելուց զատ, Եկեղեցին իր վրա է վերցրել նաեւ ազգային հարցերի լուծման, ազգապահպանման կարեւորագույն գործը: Այսօր հայրենի իշխանությունը պատերազմում է Եկեղեցու դեմ, եւ հոգեւորականները՝ Վեհափառ հայրապետի առաջնորդությամբ, խաչը ձեռքին մարտնչող զինվորներ են դարձել, որոնք պաշտպանում են Եկեղեցին վայրագ հարձակումից։

«Հրապարակի» զրուցակիցն է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

– Ինչի՞ց սկսվեց եկեղեցի-պետություն անջրպետը: Ձեր կարծիքով, այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, նախապես ծրագրվա՞ծ է եղել:

– Եկեղեցի-պետություն անջրպետը Հայաստանում սկսվեց ոչ թե վերջին տարիներին, այլ՝ անկախության առաջին փուլից, երբ նորաստեղծ պետությունը չկարողացավ ձեւակերպել իր հարաբերություններն ազգային եկեղեցու հետ՝ որպես ռազմավարական գործընկերություն։ Պետությունն ընտրեց աշխարհիկության պարզեցված ընկալում՝ Եկեղեցին դուրս մղելով քաղաքական եւ հանրային ռազմավարական քննարկումներից։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Այստեղ պետք չէ փնտրել գաղտնի սցենարներ, բայց նաեւ սխալ կլինի դա համարել ինքնաբուխ զարգացում։ Սա այն մտածողության հետեւանքն է, ըստ որի՝ պետությունը պետք է ունենա մենաշնորհային դեր, իսկ պատմական ու ինքնիշխան ինստիտուտները պետք է կա՛մ ենթարկվեն, կա՛մ չեզոքացվեն։ Այդ տրամաբանությունը վաղ թե ուշ պետք է հանգեցներ բախման։

– Մեր Եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել՝ երկիրն ու ազգը պահպանելու համար: Պատմությունը ցույց տվեց, որ անգամ խորհրդային տարիներին իշխանությունները ստիպված եղան փոխել իրենց մոտեցումը Եկեղեցու նկատմամբ եւ ընդունել նրա մեծ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։ Ի՞նչ սպասել այսօրվա իշխանություններից:

– Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում գոյատեւել է պետության բացակայության պայմաններում եւ հաճախ՝ պետական ճնշումների ներքո։ Խորհրդային իշխանությունը, երկարատեւ հակակրոնական քաղաքականությունից հետո, ստիպված եղավ փոխել իր մոտեցումը ոչ բարոյական զարթոնքի, այլ քաղաքական իրատեսության պատճառով։ Նրանք հասկացան, որ Եկեղեցին հնարավոր չէ վերացնել, քանի որ այն հայ ժողովրդի ինքնության կառուցվածքային մասն է։ Այսօրվա իշխանություններից նման գիտակցված շրջադարձ սպասելը դժվար է։ Այստեղ գործ ունենք ոչ թե գաղափարական հակամարտության, այլ կառավարման մոդելի հետ, որտեղ Եկեղեցին դիտարկվում է որպես ազդեցության կենտրոն, որը չի վերահսկվում պետական ապարատից։ Ուստի ավելի հավանական է շարունակական ճնշումը՝ վարչական, քարոզչական եւ ինստիտուցիոնալ մեթոդներով։

– Երբ որոշ սրբազաններ կանգնում են իշխանության կողքին՝ ընդդեմ իրենց Եկեղեցու՝ «բարենորոգման» քողի ներքո, ինչպե՞ս կբնութագրեք այս երեւույթը:

– Երբ որոշ սրբազաններ հանդես են գալիս իշխանության դիրքերից՝ ընդդեմ իրենց Եկեղեցու, եւ դա ներկայացվում է «բարենորոգման» գաղափարախոսությամբ, սա նոր երեւույթ չէ։ Պատմության ընթացքում ցանկացած իշխանություն փորձել է Եկեղեցու ներսում գտնել իր համար հարմար գործընկերներ՝ լեգիտիմության պատրանք ստեղծելու համար։ Սա իրական բարենորոգում չէ, որովհետեւ Եկեղեցու բարեփոխումները միշտ սկսվել են ներքին հոգեւոր եւ աստվածաբանական վերանայումից, ոչ թե քաղաքական հանձնարարություններից։ Այստեղ մենք գործ ունենք Եկեղեցու ներսում իշխանական լեգիտիմության ներմուծման հետ, ինչը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է վստահության քայքայման։

– ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասել է․ «Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, եւ ծայրահեղ բացառիկ դեպքերում պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ՝ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, եւ կառավարությունը համաձայնություն տա»։ Ի՞նչ կասեք պատգամավորի ասածի վերաբերյալ:

– Թագուհի Ղազարյանի հայտարարությունը վտանգավոր է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաեւ այն մտածողությամբ, որը դրա հիմքում է։ «Հանրային անհրաժեշտություն» հասկացությունը երբ կիրառվում է սրբավայրերի նկատմամբ, վերածվում է քաղաքական գործիքի։ Եկեղեցիները պարզապես պատմական շինություններ չեն, որոնք կարելի է օտարել կառավարչական նպատակահարմարությամբ։ Եթե պետությունն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե երբ կարելի է վաճառել կամ օտարել եկեղեցին, դա նշանակում է, որ եկեղեցին ընկալվում է որպես պետական ակտիվ։ Սա քաղաքակրթական շրջադարձ է, որը կտրում է Եկեղեցին իր պատմական եւ հոգեւոր գործառույթից։

– Հայ առաքելական եկեղեցին հարկադրված է Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետեւ Հայաստանում սրբազանների վրա կարող են ուղղակի ու անթաքույց ճնշումներ գործադրել՝ սպառնալիքով, վարչական լծակներով եւ քարոզչական հարձակումներով։ Փաշինյանի ձեւավորած Եկեղեցու բարենորոգման խորհուրդն էլ կոչ է արել չեղարկել հայոց եկեղեցու՝ Ավստրիայում փետրվարին գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը։ Ի՞նչ եք կարծում՝ կկայանա՞ այդ ժողովը:

– Եպիսկոպոսաց ժողովի՝ արտերկրում կազմակերպումն ինքնին վկայությունն է Հայաստանի ներսում ստեղծված մթնոլորտի մասին։ Երբ Եկեղեցին չի կարող իր բարձրագույն ժողովները գումարել սեփական երկրում՝ առանց ճնշումների վտանգի, սա արդեն քաղաքական խնդիր է, ոչ թե կազմակերպչական։ Իմ համոզմամբ՝ ժողովը կկայանա, որովհետեւ Եկեղեցին չի կարող հրաժարվել իր ինստիտուցիոնալ կյանքից։ Չեղարկումը կնշանակեր ընդունել, որ քաղաքական միջավայրը կարող է թելադրել եկեղեցական օրակարգը։ Եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ նման պայմաններում այն ընտրում է ոչ թե հարմարվողականությունը, այլ՝ ինքնիշխանության պահպանումը՝ անգամ ժամանակավոր արտաքսման գնով։ Այս ամբողջ գործընթացը պետք է դիտարկել ոչ թե կրոնական զգացմունքների, այլ սառը քաղաքական տրամաբանության շրջանակում։ Երբ պետությունը փորձում է վերահսկել կամ ենթարկեցնել ազգային ինստիտուտները, այն իրականում թուլացնում է սեփական հիմքերը։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի քաղաքականությունը երբեք երկար կյանք չի ունենում։

Տեսանյութեր

Լրահոս