Փաշինյանը համարում է, որ Քրիստոսի «զապասկեն» է. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է միավորել ընդդիմադիր դաշտը և այնպես անել, որ ընդդիմադիր ուժերը գոնե իրար դեմ չպայքարեն։ Այս մասին երկրորդ նախագահը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ իր գլխավորած «Հայաստան» դաշինքը երբեք չի եղել ներընդդիմադիր «փոխհրաձգությունների» նախաձեռնող։

«Իսկ Դուք չեք նկատե՞լ, որ մենք նույնիսկ նման կարգի ներընդդիմադիր հրաձգությունների նախաձեռնող չենք եղել, մենք չենք սկսել։ Եթե ինչ-որ մի բան արել ենք, ապա միշտ պաշտպանվողի դիրքերից ենք դա արել։ Մենք ինքներս չենք նախաձեռնել նման բաներ, և ես իմ ներածական խոսքում հատուկ շեշտեցի, որ այդպիսի պայմաններ կան, և տվյալ դեպքում ես չեմ կարող խոսել այլ քաղաքական ուժերի անունից, բայց կոնկրետ իմ անունից՝ այո՛, մենք փորձում ենք այդ դաշտը ձևավորել։ Եթե հիշում եք՝ Իշխան Սաղաթելյանը 5 կետից բաղկացած նախաձեռնություն է առաջ բերել, որով փորձում է բանակցել և գտնել տարբերակներ՝ հենց այդ հարցը լուծելու համար»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ «այդ թեմայի մեջ» ամենից պասիվն ինքն է, և ամենից շատ հարձակումներն իր վրա են կատարվում։

«Ես հասկանում եմ նաև՝ ինչի համար է դա արվում, բայց տվյալ դեպքում Ձեր թեմայի զոհն եմ ես, ոչ թե թեմայի հերոսը։ Ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք։ Այո՛, պետք է փորձենք անել։ Չեմ կարծում, որ հնարավոր է 100 տոկոսանոց արդյունքի հասնել, բայց շեշտակի մեղմացնել այդ երևույթը, այո՛, կարող ենք։ Որքան քիչ լինեն ընդդիմադիր միավորների միջև փոխադարձ հրաձգությունները, այնքան լավ է լինելու ընդհանուր արդյունքը», – շարունակում է Քոչարյանը։

Կարդացեք նաև

Պաշտոնաթող նախագահը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա իր ընտրազանգվածի բնութագիրը և աշխատի իր տեսակին ու գաղափարներին համապատասխանող հատվածի հետ։

«Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյան պաշտող մարդկանցից մենք մեկ ձայն չենք բերելու այստեղ, չի լինելու, և անիմաստ է աշխատել այդ հատվածի վրա։ Նաև միավորում է ընդդիմադիր դաշտն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում։ Նա համարեց, որ ինքն այն մարդն է, որը կարող է հայ ժողովրդի կապիտալ վերանորոգում անել։ Երևի համարում ա, որ Քրիստոսի «զապասկեն» ա։ Թե ինչու, ես չգիտեմ, բայց նման բան եմ ես տեսնում։ Սա այն հարցն է, որը բավական լայն համագործակցության դաշտ է բացում ուրիշների համար, որովհետև Հայաստանի նորագույն պատմության մեջ ոչ ոք նման նախաձեռնություններով հանդես չի եկել, և չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը ժողովրդի աջակցություն է ունենում»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս