Հրապարակվել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունը
Հունվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ «Ազգային անվտանգության խորհրդի» (ԱԱԽ) նիստ է անցկացվել: Նիստից հետո հրապարակվել է հայտարարություն, որտեղ անդրադարձ է կատարվել 2025-ի ազգային անվտանգության համար կարևոր քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական զարգացումներին, ինչպես նաև 2026-ի հնարավոր ռիսկերին և ձեռնարկվելիք միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ ընդգծվել է «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականությունը և Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու կարևորությունը։ ԱԱԽ նիստում քննարկվել է նաև Պաղեստինի Գազայի հատվածում առկա իրավիճակը: Նշվել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել տարածաշրջանում մարդասիրական օգնության, վերականգնման և կայուն խաղաղության հաստատման գործընթացներին։
Ընդգծվել է Թուրքիայի աջակցությունը Սոմալիի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Իրանի կայունության կարևորությունը: Բացի այդ, անդրադարձ է արվել Ռուսաստան–Ուկրաինա պատերազմին՝ նշելով, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը՝ պատերազմն ավարտելու և կայուն խաղաղություն հաստատելու համար:
Հայտարարության վերջում ընդգծվել է, որ Թուրքիան 2026-ին նույնպես կշարունակի բազմակողմանի գործունեությունը տարբեր տարածաշրջանային ճգնաժամերի լուծման և կայունության ապահովման համար։
