ՀԱՊԿ-ի նկատմամբ ունեմ որոշակի հիասթափություն, խնդիր կա մեզ համար. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, նշելով՝ քանի որ չկան երաշխավորներ, անհրաժեշտ է ևս մեկ համաձայնագրով համալրում իրականացնել, որն իր մեջ կներառի համալիր երաշխիքներ:

«Եվ այդ երկու փաստաթուղթը պետք է ստորագրվեն միաժամանակ: Այդ դեպքում հասկանալի կլինի, թե մենք ինչ ենք անում: Չի կարելի կայուն խաղաղություն անվանել այն խաղաղությունը, որը կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի տրամադրությունից»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է այլ աղբյուրներից զենք գնելուն, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ մենք ուրիշ տեղից զենք գնելու խնդիր երբևէ չենք ունեցել, ավելին, այդպիսի գնումներ եղել են։

«Ուղղակի ՌԴ-ի հետ գնային առումով այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի կամ եռակի թանկ նույն զինատեսակն առնի, և դրա հետ միասին հարցեր առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման հետ կապված ինչ պետք է անես, «բոյեկոմպլեկտը» ոնց պետք է բերես։ Բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ էին առաջանում այստեղ:

Կարդացեք նաև

Եթե դու Ֆրանսիայից ինչ-որ մի քանի հրետանի ես գնել, դու մտածո՞ւմ ես, թե ինչ գնով ու ինչ քանակի պետք է նաև զինամթերքը բերես։ Ո՞նց ես բերելու, և ի՞նչ է դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ, ո՞նց ես սպասարկելու։ 5 միավորի համար սպասարկման կենտրո՞ն ես բացելու, թե՞ ամեն պրոբլեմի համար այնտեղից մասնագետներ պետք է գան ու նայեն։ Սա միայն իր հետ խնդիրներ է բերում։ Եվ բոլոր երկրներն են այդպես:

Այսպիսի մի տերմին կա՝ «զինատեսակի զոոպարկ»։ Դա բավական պրոբլեմային է, դրա համար շատ երկրներ մեկ հիմնական գործընկեր են ունենում խոշոր երկրներից, որի զինատեսակներով համալրում են իրենց բանակը, և դա չի ստեղծում այդ խնդիրները։ ՆԱՏՕ-ում ստանդարտիզացիա են անում հենց այդ հարցերը լուծելու համար։ Հիմա մենք մի բան Ֆրանսիայից ենք բերում, մի բան՝ Հնդկաստանից, չգիտեմ՝ է՞լ որտեղից են բերելու, հետո ո՞նց է այդ ամբողջն իրար հետ կապվելու։ Սա անհեռատես, ենթադրում եմ նաև՝ «ատկատների» մոտիվացիայով գործընթացներ են»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ դիվերսիֆիկացիան քո դիրքերը պետք է ուժեղացնի, եթե դա, իհարկե, արվում է բանակն ուժեղացնելու համար և ոչ թե՝ զուտ այդ բառն օգտագործելու:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված ունի որոշակի հիասթափություն, որը գալիս է նրանից, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։

«Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ-ի հետ, հակառակը՝ արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է ՀԱՊԿ-ին դիտենք հետևյալ կերպ. ՀԱՊԿ-ն առանց Ռուսաստանի ի՞նչ է իրենից ներկայացնում, ոչինչ։ ՀԱՊԿ-ին պետք է նայենք՝ որպես ռուսաստանակենտրոն մի կառույց և մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Լուկաշենկոյին, մոռացեք Կենտրոնական Ասիայի երկրներին»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս