Ամոթ է, ինչի՞ տեղ եք դրել ժողովրդին, Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի… այդ բենզինի ազդեցությունը շուկայի վրա զրոյական է. Քոչարյան

Ադրբեջանից Հայաստան ներմուծված բենզինը չի նվազեցրել ՀՀ-ում բենզինի գինը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նկատեց, որ դեռ իր նախագահության օրոք (1998-2008 թթ) Հայաստանում բենզինի պահանջարկը տարեկան 250-300 հազար տոննա էր։

«Հիմա թվերը փոխվել են, բայց քանի՞ տոննա է բերվել Ադրբեջանից։ Թվերն այս պահին կոնկրետ չեմ հիշում, բայց այս թիվը պահանջարկի մեկ տոկոսն էլ չի կազմում ու չի կարող գնային ազդեցություն ունենալ Հայաստանի շուկայի վրա։ Զրո ազդեցություն է, քանի որ մեկ տոկոս էլ չի կազմում։ Դրա համար խոսակցությունները, թե դրա շնորհիվ գներ են իջել, աբսուրդ են և հիմարություն։ Անունը քարոզչական բենզին եմ դրել»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի` ՀՀ-ում բենզինի գինը որոշակիորեն նվազել է, քանի որ համաշխարհային շուկայում նավթի գինն ընկել է։

«Նավթի արտահանումը շատացել է Սաուդյան Արաբիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի հաշվին. սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն ավտոմատ իր հետ բերում է գնիջեցում»,- շարունակեց նա։

Ռոբերտ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը չունի բենզինի այնքան ծավալ, որ կարողանա լայն արտահանում իրականացնել։

«Ադրբեջանն ունի մեկ նավթավերամշակման գործարան, ինչը հազիվ է բավարարում հենց Ադրբեջանի պահանջարկը։ Անցած տարիներին ՌԴ-ից Ադրբեջանը 120 հազար տոննա «պրեմիում» կարգի բենզին է ներկրել։ Հարց է՝ ՀՀ եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Ի վերջո, ո՞վ է շահում՝ ապրանք գնո՞ղը, թե՞ վաճառողը. այսինքն՝ ՀՀ-ում գեներացված գումարները գնում են Ադրբեջա՞ն»,– ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պետք է միանան, Քոչարյանը հիշեցրեց, որ երկու երկրներն էլ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելցուկ ունեն և միմյանց վաճառելու իմաստ չկա։

Տեսանյութեր

Լրահոս