Թուրքիան հայտարարում է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) այսօր հայտարարել է երկրի տարածքում գործող իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Իշխանամետ Sabah օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի հինգ նահանգներում իրականացված գործողության ընթացքում վեց մարդ է ձերբակալվել։ Նրանցից հինգը Թուրքիայի, մեկը՝ Իրանի քաղաքացիներ են։
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` ձերբակալվածների մեջ են նաև Ստամբուլում գործող ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի սեփականատերեր Էրխան Էրգելենը և Թաներ Օզջանը։ Թուրքիայի հատուկ ծառայությունների պնդմամբ` նրանք կապ էին հաստատել Իրանի հետախուզության՝ Ստամբուլում գործող երկու սպաների հետ։ «Իրանցի սպաներից մեկը հրահանգել էր կասկածյալներին լուսանկարել Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ռազմակայանը», – հաղորդում է Sabah-ը։
