Խնդրում եմ՝ թույլ տվեք ապրենք օրվա խորհուրդը՝ օրվա խորհրդի մեջ ու չխաթարել այն. Վեհափառ Հայրապետ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նա հոգևորականների ուղեկցությամբ աղոթք հնչեցրեց հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար։
Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի գերեզմանին, ինչպես նաև «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ։
Լրագրողների հարցերին վեհափառը հայրապետը չպատասխանեց՝ շեշտելով, որ այսօր պատեհ օր չէ։
«Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները հնարավորություն ունեք այլ առիթներով հղելու։ Աստված օրհնի ձեզ»,- ասաց վեհափառ հայրապետը։
