ՊԵԿ աշխատակիցը «Volvo»-ով մխրճվել է բեռնատար «Mercedes»-ի հետնամասը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Volvo» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Շեն Դեկոր» ընկերության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, վրացական համարանիշներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից կայանված «Mercedes» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
«Վթարի հետևանքով «Volvo»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված «Volvo»-ի վարորդի ինքնությունը։ Մեր տեղեկություններով «Volvo»-ի վարորդը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում»,-հայտնում է shamshyan.com-ը։
