Բաժիններ՝

Հաստատվեցին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի՝ ՀՀ-ում գտնվելու պայմանները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հվանություն տվեց «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով։

Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։

ԿԶԵՀ-ի հիմնադիր պետությունների մասնակցության չափը կազմում է 8,513 մլրդ ԱՄՆ դոլար, որում Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք է (որից 100 հազար ԱՄՆ դոլարը վճարվել է դրամական տեսքով, 900 հազար ԱՄՆ դոլարը վճարվել է ամբողջությամբ մարված՝ հասարակ ոչ շրջանառելի և անտոկոս մուրհակի տեսքով):

ԿԶԵՀ ծրագրերի ընթացիկ պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում ներառում է 10 ծրագիր՝ $538 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մակրոտնտեսական, գյուղատնտեսական, տրանսպորտային, սոցիալական ուղղություններով:

2023թ․ մշակվել և Հիմնադրամի խորհրդին է ներկայացվել արդիականացված կանոնադրական փաստաթղթերի փաթեթ, որի նպատակն է ապահովել ԿԶԵՀ 2022-2026թթ. ռազմավարության դրույթների անխոչընդոտ իրականացումը՝ Հիմնադրամին միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ շնորհելու միջոցով:

Համաձայն փոփոխված կանոնադրության 1-ին հոդվածի՝ ԿԶԵՀ-ը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է։ Եվ որպես այդպիսին (ինչպես միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող մյուս կազմակերպությունների դեպքում) անհարժեշտություն է առաջացել սահմանել Հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս