ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան
Ըստ այս կարգավորումների օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին, այն պարզ պատճառով, որ թվային ֆիլտրը չի աշխատելու, այդ թվում գնումներին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը օֆշորային ընկերություններ են։ Այս մասին, այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այսնինքն այն ընկերությունները, որի բեժնետերերը բացահայտված չեն, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է։ Հայտարարել, որ ընկերության շահառուն սա է, կամ նա է, դա ընդամենը դեկլարացիա է և դրանով չենք բացահայտում իրականությունը»,–ասաց նա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ ըստ այս կարգավորման, մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, եթե չի ներկայացնում, հետեւաբար չի կարող մասնակցել գնումներին. «Եթե կարծում ենք, որ ընդհանրապես պետք է սահմանափակել օֆշորային երկրներից մասնակցությունը, դա կարծում եմ՝ մի փոքր խնդիրներ կարող է առաջացնել։ Դա մի հարց է, որ ԱԺ–ում քննարկումների փուլում պետք է քննարկվի»։
