TRIPP-ը տնտեսական մեգանախագիծ է, Հայաստանը և Ադրբեջանը կապվում են երրորդ երկրներին. Միրզոյան
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր Խորհրդարանում դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց, թե ի վերջո ի՞նչ ծրագիր է TRIPP-ը, ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի համար, հնարավորություններ բացո՞ւմ է, թե՞ փակում, ինչպե՞ս ձևավորվեցին այն բաժնետոմսերի ձևաչափերը, որոնց մասին բազմիցս խոսել են։
Արարատ Միրզոյանն ասաց, որ այս հարցերին արդեն պատասխանել է։
«Արդեն ասել եմ, որ այդ համամասնությունից դժգոհում են մարդիկ, ում իշխանության օրոք, ում պատասխանատվության շրջանում ռազմավարություններն ամբողջությամբ տվել են այլ պետության՝ 100 տոկոսով։ Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է մտածել, որ այդ քննադատությունը նրանից է, որ այս դեպքում այդ համագործակցությունը մի երրորդ երկրի հետ չէ, որին 100 տոկոսով նախկինում տրվել են այդ ձեռնարկությունները»,- Կառավարության հետ հարցուպատասխանին նշեց ԱԳ նախարարը։
Նրա բնորոշմամբ՝ TRIPP-ը մանիպուլացնելու որոշակի փորձերը խղճուկ փորձեր են։
«Ի վերջո, սա մեծ միջազգային, լոգիստիկ նախագիծ է, Հայաստանի համար բարեբեր տնտեսական արդյունքներով, մեծ տնտեսական նախագիծ է։ Եթե ինձ հարցնեք, ես կասեմ՝ TRIPP-ը պարզ է, որ կապուղիների նախագիծ է, ունի մի քանի շերտ. Հայաստանը կապում է աշխարհին, երրորդ երկրին։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապվում է երրորդ երկրներին, կարող է արտահանել և ներմուծել։ Բացի այդ, երրորդ երկրներն են Հայաստանի միջոցով կապվում երրորդ երկրներին, օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկիրը՝ ԵՄ երկրի հետ։ Եվ երրորդ շերտը՝ Ադրբեջանն է Հայաստանի տարածքով կապվում երրորդ երկրների հետ և հաստատվում է Նախիջևան-Ադրբեջան կապը։ Սա փոխկապակցվածության մեգանախագիծ է մեզ համար, ունի ռազմավարական նշանակություն, և մենք ակնկալում ենք մեծ տնտեսական օգուտներ»,- հավելեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
