Ինչո՞ւ է UFC-ն անտեսում վարկանիշի առաջատարին
UFC-ի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեյջին խոսել է թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի կարիերայի և լիգայի՝ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։
«Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի։ Բայց նա մի քանի անգամ «վրիպեց», իսկ UFC-ում նման բան անել չի կարելի։ Նա պետք է դուրս գար չեմպիոնական մենամարտի, բայց հրաժարվեց դրանից մենամարտից մեկ օր առաջ։ Մենք նույնիսկ այսօր 100 տոկոսով վստահ չենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ։ Կարող եմ հստակ ասել, որ նման իրավիճակները UFC-ին դուր չեն գալիս»,-armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Գեյջին New York Post-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Գեյջին թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտի Պեդի Պիմբլետի հետ, չնայած այն հանգամանքին, որ հենց Ծառուկյանն է գլխավորում դիվիզիոնի լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակը։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուկերին։ Հայ մարտիկն իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ներկայումս Ծառուկյանը 5 անընդմեջ հաղթանակ ունի, իսկ UFC-ում նա հաղթել է 10 մենամարտում և կրել ընդամենը 2 պարտություն։
