2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու Փաշինյանի համար. Մարկեդոնով
ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառուցված համակարգի համար «սթրես-թեստ» են լինելու։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ուշադրություն հրավիրելով մի քանի առանցքային գործոնների վրա, որոնք հունիսի ընտրարշավն առանձնացնելու են նախորդ բոլոր ընտրություններից։
Նա շեշտում է, որ այս ընտրությունները լինելու են առաջին համազգային քարոզարշավը Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստից և նրա հայաթափումից հետո։ Ըստ նրա՝ անցել են նաև «թավշյա հեղափոխությունից» հետո «իշխանության թարմացման» հետ կապված պատրանքներն ու հիացմունքները: Ընտրությունների ժամանակ կառավարության ղեկավարը կմտնի իր իշխանության 9-րդ տարվա մեջ: Փորձագետի խոսքով՝ այս ընթացքում Փաշինյանը կարողացել է հասնել պետական կառավարման համակարգի համասեռացմանը։
«…8 տարի առաջ նա (Փաշինյանը։-խմբ.) ընդունեց իշխանությունը անվերահսկելի խորհրդարանի տեսքով՝ ընդդիմադիր զգալի հատվածով, խնդրահարույց քաղաքապետարանով (որտեղ կենտրոնացած է բոլոր ընտրողների մեկ երրորդից ավելին), համեմատաբար ինքնավար տեղական ինքնակառավարման մարմիններով, հակառակվող դատական համակարգով և «ղարաբաղյան վենդեայով»։ Մինչև 2026 թվականը այս «ծաղկող բարդությունից» ոչ մի հետք չմնաց…
Հայաստանի իշխանությունները հաջողեցին նաև վարչական ճնշման և վարչական ռեսուրսի օգտագործման հարցում»,- նկատում է Մարկեդոնովը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 2026 թվականի ընտրությունները զուտ ներքաղաքական իրադարձություն չեն լինի։ Ավելին` եթե նախկինում հետխորհրդային պետություններում քարոզարշավները դիտարկվում էին որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև ազդեցության համար մրցակցության հավերժական սերիալ, ապա այժմ այլ հետաքրքիր գործոններ են նկատելի։
Նա հիշեցնում է Թուրքիայի արտգործնախարարի բացահայտ ռևերանսներն ուղղված Փաշինյանին՝ կապված նրա վարկանիշի հետ։
Մարկեդոնովի խոսքով՝ Անկարան այդպիսով հստակ ազդանշաններ է ուղարկում իր նախընտրությունների վերաբերյալ, և կարծում է, որ Բաքուն 100 տոկոսով պատրաստ է համաձայնել թուրք նախարարի գնահատականի հետ։
Մարկեդոնովի կարծիքով՝ Հայաստանում ազգային-պետական նախագիծը «վերագործարկելու» հավակնոտ փորձ է արվում։ Ըստ էության` խոսքը հայկական ինքնության համակարգային վերափոխման մասին է։
«Քաղաքացիներին առաջարկվում է աջակցել ոչ միայն Նիկոլ Փաշինյան անունով մարդուն, այլև «Իրական Հայաստան» նախագծին, որն արմատապես խզում է անցյալի պատմական ավանդույթներն ու խորհրդանիշները՝ արտաքին և ներքին դաշտում առաջարկելով կոորդինատային նոր համակարգ»,– նշում է նա։
Արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական ինքնության հեղափոխության հաջողությունն ընդմիշտ և անվերապահորեն կփոխի երկիրը։
Ըստ նրա` տարբերակներ հնարավոր են, սակայն պատմությունը մի գծով չի շարժվում, ինչի վառ օրինակը Վրաստանն է։
