Իլոն Մասկը OpenAI-ից և Microsoft-ից մինչև 134 մլրդ դոլար է պահանջել
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը OpenAI և Microsoft տեխնոլոգիական ընկերություններից պահանջել է մինչև 134 միլիարդ դոլար՝ հայտարարելով, որ արժանի է «անիրավաչափ օգուտի» մի մասին, որն այդ ընկերությունները ստացել են անցյալում իր աջակցության շնորհիվ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Ըստ Մասկի, OpenAI-ն աշխատել է 65,5-ից 109,4 միլիարդ դոլար միլիարդատիրոջ ներդրումների հաշվին, երբ նա 2015 թվականին ստարտափի համահիմնադիրն էր։ Microsoft-ն էլ այդ ընթացքում ստացել է 13,3-ից 25,1 միլիարդ դոլար։ Այս մասին Մասկը հայտարարել է դաշնային դատարանում՝ երկու ընկերությունների դեմ դատավարությունից առաջ։
«Առանց Իլոն Մասկի OpenAI-ը չէր լինի։ Նա տրամադրել է սկզբնական ֆինանսավորման հիմնական մասը, օգտագործել իր հեղինակությունը և նրանց սովորեցրել այն ամենը, ինչ գիտի բիզնեսի ընդլայնման մասին։ Ականավոր փորձագետը գնահատել է դրա արժեքը»,- Reuters-ին տված հայտարարության մեջ ասել է Մասկի գլխավոր փաստաբան Սթիվեն Մոլոն։
Microsoft-ը և OpenAI-ը նույնպես հայցեր են ներկայացրել։ Նախորդ շաբաթ OpenAI-ը հայցն անվանել էր «անհիմն» և Մասկի «հետապնդման» արշավի մաս։ Microsoft-ի փաստաբանն էլ նշել է, որ չկա որևէ ապացույց, թե ընկերությունը «օժանդակել կամ դրդել է» OpenAI-ին։ Ուրբաթ օրը երկու ընկերություններն էլ առանձին հայտարարությամբ վիճարկել են վնասի փոխհատուցման Մասկի պահանջները։ Մասկը, որը 2018-ին հեռացել է OpenAI-ից և այժմ ղեկավարում է xAI-ը (իր Գրոկ չատբոտով), պնդում է, որ OpenAI-ի օպերատորը խախտել է հիմնադրման առաքելությունը՝ իրականացնելով լայնածավալ վերակազմավորում և դառնալով առևտրային կազմակերպություն։
Այս ամիս Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքի դատավորը վճռել է, որ ապրիլին սպասվող դատավարությունն անցկացվելու է երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Մասկի ներկայացրած փաստաթղթերում նշվում է, որ նա ներդրել է մոտ 38 միլիոն դոլար, ինչը կազմում է OpenAI-ի սկզբնական ֆինանսավորման 60 տոկոսը։ Նա նաև օգնել է աշխատակիցների հավաքագրման, հիմնադիրների հետ կապեր հաստատելու և նախագծի նկատմամբ վստահության բարձրացման հարցերում։
Եթե երդվյալ ատենակալներն ընկերություններից որևէ մեկին պատասխանատու ճանաչեն, Մասկը կարող է պահանջել վնասի փոխհատուցում և այլ պատժամիջոցներ, այդ թվում՝ հնարավոր դատական արգելք։ Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե ինչ տեսք կարող է ունենալ այդ արգելքը։
