ԱՄՆ-ում քննարկում են Ուկրաինայի համար խաղաղության խորհրդի ստեղծման հնարավորությունը․ Financial Times
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Գազայի համար արդեն ստեղծված խաղաղության խորհրդի անալոգը ձևավորելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ապագա համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի ուկրաինացի զրուցակցի խոսքով՝ նման կառույցի ստեղծումը նախատեսված է Դոնալդ Թրամփի նախագահությամբ մշակված և 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագծով։
Ըստ հրապարակման՝ առաջարկվող խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Ուկրաինայի, եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Խորհրդի հիմնական առաքելությունը կլինի խաղաղության ծրագրի իրականացման վերահսկումն ու դրա պահպանման երաշխավորումը։
Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գազայի համար արդեն ձևավորված խաղաղության խորհուրդը, որի կազմը հայտարարվել էր հունվարի 16-ին, կարող է ապագայում ներգրավվել նաև այլ հակամարտությունների կարգավորման գործընթացներում:
