Իրանը չի ռմբակոծվի. Թրամփը համոզել է ինքն իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածներ չհասցնելու որոշումն ինքնուրույն է կայացրել:
«Ինձ ոչ ոք չի համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել», – երեկ երեկոյան ասել է նա լրագրողներին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Իրանում ցուցարարների մահապատիժները չեղարկելու մասին լուրը։ Թեհրանը նման պաշտոնական հայտարարություն չի արել։
Այսօր ամերիկացի առաջնորդը գրառում է արել «Truth Social» սոցցանցում. «Երեկ ծրագրված ավելի քան 800 մահապատիժները (կախաղանի միջոցով) չեղարկվել են Իրանի ղեկավարության կողմից։ Դա մեծ ազդեցություն է ունեցել»։
Միևնույն ժամանակ WSJ-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Թրամփը պատրաստվում էր հարվածներ հասցնել Իրանին, բայց որոշումը փոխել է բազմաթիվ առարկությունների պատճառով: Ամերիկացի պաշտոնյաները կասկած են հայտնել, որ իրանական ռեժիմը կարող է տապալվել միայն ավիահարվածների արագ շարքով: Թրամփին զգուշացրել են, որ Իրանի դեմ լայնածավալ հարվածը կարող է ավելի մեծ հակամարտություն հրահրել։
Ըստ լրատվամիջոցի` խորհրդականները ԱՄՆ նախագահին հայտնել են, որ Իրանի պատասխան գործողությունների դեպքում Մերձավոր Արևելքում ավելի շատ ռազմական կրակային ուժ կպահանջվի ինչպես լայնածավալ հարված հասցնելու, այնպես էլ տարածաշրջանում ամերիկյան զորքերի և դաշնակիցների պաշտպանության համար, ինչպիսին Իսրայելն է:
