Ուկրաինայի պաշտոնյանները ԱՄՆ-ում կքննարկեն խաղաղության գործընթացը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված են բանակցություններ ամերիկացի գործընկերների հետ՝ հնարավոր խաղաղ համաձայնագրի մանրամասների շուրջ։ Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր էջում։
Բուդանովի խոսքով՝ ինքը, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն ու պատգամավոր Դավիթ Արախամիան կհանդիպեն ԱՄՆ պաշտոնյանների հետ։
«Նախատեսված է համատեղ հանդիպում Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Դենիել Դրիսքոլի հետ։ Ուկրաինային արդար խաղաղություն է պետք։ Աշխատում ենք արդյունքի համար»,-գրել է Բուդանովը։
ԱՄՆ այցի մասին գրառում է կատարել նաև Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ այս օրերին ուկրաինական կողմը աշխատում է ամերիկացի գործընկերների հետ խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման ուղղությամբ։
«Կշարունակենք աշխատել արդար և կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների և հաջորդ քայլերի համաձայնեցման ուղղությամբ»,-գրել է Ումերովը։
