«Ես շատ, շատ տպավորված եմ»․ Թրամփը կիսվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հետ հանդիպման տպավորություններով
Նախքան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի Սպիտակ տուն կատարած այցը, նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես թե այդքան էլ լավ կարծիք չի ունեցել նրա քաղաքական հեղինակության մասին։ Նա ասել է, թե Մաչադոն չունի բավարար «հարգանք», որն անհրաժեշտ է Վենեսուելան կառավարելու համար։ Դա եղել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմական հարվածի արդյունքում երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն գերեվարվել է, գրում է NBC News-ը։
Հինգշաբթի օրը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ Մաչադոն նրան է հանձնել իր 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը։ Այդ ժամանակից ի վեր Թրամփի կարծիքը Մաչադոյի մասին, ըստ ամենայնի, փոխվել է։
Նա պահում է 18 կարատանոց ոսկե մեդալը, որը Մաչադոն հանձնել էր նրան ոսկեզօծ շրջանակի մեջ՝ «Դոնալդ Թրամփին» մակագրությամբ։ Ուրբաթ օրը՝ Փալմ Բիչի իր տուն մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում, Թրամփը գովեստի խոսքեր է շռայլել Մաչադոյի հասցեին։
«Երեկ ես հիանալի հանդիպում ունեցա մի մարդու հետ, ում շատ եմ հարգում և նա, ակնհայտորեն, հարգում է ինձ ու մեր երկիրը: Nա ինձ հանձնեց իր Նոբելյան մրցանակը,- ասել է Թրամփը,- Բայց ահա թե ինչ կասեմ ձեզ, ես նրան ավելի մոտիկից ճանաչեցի։ Նախկինում երբեք չէի հանդիպել նրան և շատ, շատ տպավորված էի։ Նա իսկապես հրաշալի կին է»։
Միևնույն ժամանակ, նա ոչ մի խոստում չի տվել Մաչադոյի քաղաքական ապագայի վերաբերյալ և ոչ մի պարտավորություն չի ստանձնել այն հարցում, թե արդյոք պետք է նրանով փոխարինել Մադուրոյի կողմնակիցներին, ովքեր այժմ կառավարում են Վենեսուելան։
«Կարծում եմ՝ նա շատ լավ կին է և մենք դեռ կխոսենք այդ մասին»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մաչադոն բավարար տպավորություն է թողել Թրամփի վրա, որպեսզի վերջինս արագացնի Վենեսուելայում ընտրությունների անցկացումը, սենատոր Լինդսի Գրեմը՝ Թրամփի վստահված անձը, տեքստային հաղորդագրության մեջ գրել է. «Հետևե՛ք նորություններին»։
