Տեր Սերոբ քահանա Ազարյանի պատասխանը՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին
Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրառմամբ պատասխանել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին․ «Պատասխան Հիւս. Ամերիկայի Արևմտեան Թեմի առաջնորդ, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հրապարակած գրութեան.
Հիւս. Ամերիկայի Արևմտեան Թեմի առաջնորդ Արբազանը, թեմի առաջնորդական իր հանգամանքով՝ յընթացս երէկ գումարուած հոգևորականաց ժողովին, ներկայացրել է 11 կէտերից բաղկացած պաշտօնական գրութիւն, որով ամբաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին զանազան մեղքերով։
Նախ, շատերի աչքերից երևի վրիպեց, կամ ոմանք չնկատեցին, կամ նոյնինքն գրութեան հեղինակ Սրբազանը գիտակցաբար՝ իր հեղինակած այդ ամբաստանագրի մէջ նոյնիսկ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.» անունը, կամ նոյնիսկ «Ամենայն Հայոց Կաթողիկոս» տիտղոսը անգամ չի գրել, կամ երևի գիտակցաբար զեղչել է։ Սա՝ ըստ երևոյթին հետևելով այն գերագոյն դաւաճանին և ազգի պառակտիչի պահանջին՝ որի համար որևէ ընդունելի գրութիւն պէտք է լիներ այս տեսակի ամբաստանագիր գրել ընդդէմ Ամենայն Հայոց ընտրեալ և օծեալ հայրապետին։
Ազգային ճգնաժամի այս ծանր հանգրուանին՝ և համազգային կորուստների անվերջ շարանին ի տես, որևէ «Եկեղեցու բարենորոգում» անուան տակ պառակտիչ և տիրադաւ այսօրինակ գրութեան համաժամանումը (timing) առնուազն կասկածելի է, և առաւելագոյնը հարուած է՝ Հայց. Եկեղեցու միութեան և անսասանութեան, երբ բոլոր գիտակից և հայրենատէր հայորդիների աչքերին յստակ է, որ դրա արմատը մեր ազգը պատուհասող և թուրքական աշխարհին լծորդող Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռը գրաւած յանցագործ՝ ահաբեկիչ բռնապետն է։
Քանի բոլորս ականատեսն ու ականջալուրն ենք անցնող եօթ տարիների քանդարար աղէտներին, պատասխանում եմ գրութեան թուագրեալ կէտերին մէկ առ մէկ։
1. Արշակ Սրբազանին կապուած՝ առնուազն կասկածելի և անօրինական ձևերով ձեռք բերուած, և նոյնապէս անօրինականօրէն հրապարակուած «դէպք»-ը կասկածների առիթ է ստեղծել Հայութեան լայն շրջանակների մէջ։ Որպէս դատարանում տարիներով աշխատող հոգևորական և թարգմանիչ՝ առնուազն կասկածելի է այդ «դէպքի» հանգամանքներն ու համաժամանումը նիկոլական Եկեղեցու դէմ արշաւի և շանտաժի անհամար ձևերի ու գոյների հետ առընչուած։ Որևէ «փորձագէտ» չի կարողացել ապացուցել, թէ ներկայացուած նիւթը բնակա՞ն էր ոչ։
Արհեստական բանականութեամբ ողողուած այս դարաշրջանին, նման «նիւթեր» շատ են ներկայացւում դատարանում, և Ամերիկայի Միացեալ Նահանգների պէս երկրի անաչառ դատարանում, որը, ի տարբերութիւն նիկոլաբռնատիրական ռեժիմին՝ ԱՆՋԱՏ է գործադիր իշխանութեան կամայութիւններից, առնուազն նկատի պէտք է առնի այդ կասկածելի տեսանիւթի ժամանումը, վաւերականութիւնը, դրա ներկայացման օրինականութիւնը հանրութեան դիմաց, և
Շատ պարզ ասեմ՝ վաղը որևէ հոգևորական մասին ԱԲ-ով լաւապէս պատրաստուած անպարկեշտ կամ անբարոյական «տեսանիւթ» կարող է ներկայանալ որևէ առաջնորդի գրասեղանին, դրան անմիջապէս հաւատալը, հակասող է օրէնքին, բանականութեան և Աստուածաշունչի տուած ուղղութեան։
2. Ես որևէ տեղեկութիւն չեմ ստացել թէ որևէ հոգևորական պարտադրուել է իր մօր հետ մասնակցելու իշխանութեան դէմ քաղաքական ընդդիմադիր ցոյցի։ Բայց ակնյայտ է այս սուտը գոնէ այն հանգամանքով որ մինչև հիմա այն 30 քահանաներից ՈՐևԷ մէկը նման ամբաստանութեամբ առաջ չի եկել, որ ինքն էլ պարտադրուել է նման գործարքի, ապա թէ ոչ վաղուց նման բան կ՚ասէին։
Դրա դիմաց սակայն որևէ տիրադաւ «ցաւալիօրէն չիրազեկուեցաւ» երբ Գէորգ Սրբազանը բռնաճնշումների ենթարկեց իր թեմի քահանաներին։ և ցաւօք որևէ մարդ «չիրազեկուեցաւ» երբ Յովնան Սրբազան անցնող եօթ տարիների ընթացքում, քանիցս ու բազմիցս զանազան քահանաների խողովակներով ճնշումների ենթարկեց Տ. Սերոբ քահանային, որպէսզի մի տող անգամ չգրի հայրենաքանդ իշխանութեանց դէմ։ Վերջին օրինակները. Օգոստոս 18, 2025-ին և Նոյեմբեր 29, 2025-ին ։ Կարկինը աւելի լայն ու բազմակողմանի չբացեմ..։
3. Եթէ Վեհափառը պէտք է արձագանքի իր կուսակրօնութեան ուխտը խախտելու և զաւակ ունենալու մասին տիրադաւների պնդումներին՝ թող ամէն տիրադաւ նախ ԲԱՐԻ լինի արձագանքելու իրենց կուսակրօնութեան ուխտի բազմաթիւ խախտումներին, իգական կամ արական սեռի հետ սայթաքումներին, սեռական արկածախնդրութիւններին, զաւակներ ու ընտանիքներ, սիրուհիներ, և օֆշորային, բանկային, բիզնեսների և փողալուացման հետ կապուած ահաւոր և անվերջ սկանդալներին և յանցագործութիւններին։ Քրիստոնեան պէտք է զբաղի Ի՛Ր մեղքերով, և ոչ թէ այլոց մեղքերը մատնանշի։ Բարոյական մաքուր կեանքով ապրած մեղաւորս սա եմ տալիս որպէս քահանայական կեցուածք և յորդոր։
4. Վեհափառ Հայրապետը կարող է լուռ մնաց, բայց Եզրաս Սրբազանը լուռ չմնաց և տեղին արձագանգեց որ ԱԱԾ-ի կողմից պատրաստուած այդ շինծու թուղթը իր թուականին՝ (1986), չէր կարող լինել Հայերէնով, այն էլ Լենինգրադում այդ թուականին։ Որևէ հոգևորական իր ծառայութեան երկրի մէջ ծնած ու ապրած լինելով «գործակալ» չի դառնում, եթէ դրա մէջ քաղաքական շահարկումներ չկան հակառակ կամ ամբաստանող կողմից, ինչպէս անցնող հարիւրամեակին ամբաստանուել են Խորէն Ա. նահատակ կաթողիկոսը, նրա հետ նահատակուած բոլոր հոգևորականները, Բաբգէն Կաթողիկոսը, Գարեգին Ա. Յովսէփեանց Կիլիկիոյ կաթողիկոսը, Վազգէն Ա. Կաթողիկոսը, ևայլն։ Դրա դիմաց որևէ նիկոլական պատրաստ անգամ չէ դիմագրաւելու այն գործակալների և լրտեսների հոյլը որոնք ԳՈՐԾԱԿԱԼ են թուրքական իշխանութեանց, և որոնք մինչև օրս չեն հակադարձում որևէ թուրքական բերանացի ասպատակումներին։ Պատճառը այն է, որ իրենց թղթածրարները չհրապարակուեն..։ Եթէ դաւաճանը ոմանց վրայ կոմպրոմատներ ունի, թուրքերն ու ազերիներն էլ իր ու իր իշխանութեան վրայ ունեն։
5. Մայր Աթոռի հաշուետութեան և թափանցիկութեան մասին այդ կէտը հանրայնացնելուց առաջ, դա կարող էր լուծել Եպիսկոպոսաց ժողովը։ Որպէս տարիներու Գերագոյն Խորհուրդի անդամ այդ հարցը կարելի էր ծեծել այնտեղ և բողոք ներկայացնել, և ոչ թէ յանձնել փողոցով կերակրուող կիսագրագէտ ամբոխի դատին, որոնք ամէն թաց ու չոր պատրաստ են այրել, միայն թէ որ դաւաճանի որոշմամբ և Մայիս 2025-ից յետոյ՝ «Կտրիճ»-ը հեռանայ, որ սրտի թեկնածուն գայ…։
6. Ազգային Եկեղեցական ժողով գումարումը կարելի է և տեղին բայց եթէ նկատի առնուեն հանգամանքներն ու խնդիրները որոնք ազգային աղէտներու ֆոնին, տեղին չեն։ Երջանկայիշատակ Վազգէն Ա. Վեհափառին վերջին տարիներին ևս՝ Ազգային Եկեղեցական ժողով չի գումարուել, նկատի առնելով Արցախեան շարժումը, Հայաստանի Երկրաշարժը և Սովետական Միութեան փլուզումն ու Հայաստանի Անկախութիւնը և ապա Արցախեան ազատամարտը։ Նոյն աղէտները տեղի ունեցան վերջին տարիներին, երբ նախ 44-օրեայ պատերազմը, ապա Քովիդի համաճարակը և մահերը, ապա Արցախի շրջափակումը և յանձնումը, և հարիւր հազարաւոր մարդոց ցեղասպանումն ու տարագրումը նոյն տարողութիւնն ու խոչընդոտները կը պարունակէին։
7. Ինչ որ ես տեղեակ եմ Հայց. Առաքելական Եկեղեցին Կանոնադրութիւն ունի։ Իսկ գալով քահանայ ձեռնադրութեանց մանրամասներին, ձեռնադրութիւնը որևէ վիճակի մէջ տեղի է ունենում հետևեալ ձևերով.
Կաթոլիկ Եկեղեցու մէջ, այո Հռոմի Պապը ամէն մի ձեռնադրութիւն անձնապէս չի որոշում, բայց կանոնականապէս որևէ թեմակալ առաջնորդ կամ կարտինալ ըստ կամս և անսահմանափակ իրաւունք չունի ցանկացած մարդու քահանայ ձեռնադրել բացի եպիսկոպոսաց հեղինակութեան հետ խորհրդակցութեան՝ որը հաղորդակից է Պապական իշխանութեան հետ։
Արևելեան Ուղղափառ եկեղեցիների մէջ թեմակալ առաջնորդը իրաւունք ունի իր թեմէն ներս ձեռնադրութիւններ կատարելու, և նմանապէս որևէ Ուղղափառ Պատրիարք անձնապէս իւրաքանչիւր ձեռնադրութիւն չի որոշում կամ հաւանութեան արժանացնում, բայց՝ դա չի արւում առանց պատրիարքական թոյլտւութեան, կամ չի կատարւում Սինոդից անկախապէս կամ կանոնական դրութեան հակառակ։ Նոյնն է պարագան Հայց. Առաքելական Ս. Եկեղեցուն երբ որևէ քահանայական ձեռնադրութիւն տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ խորհրդակցութեամբ և հաղորդակցութեամբ։ Հոգևորականի ձեռնադրութեան իմաստով Եկեղեցու վերջնական հեղինակութիւնը Կաթողիկոսն է, որպէսզի մի օր որևէ հեռակայ առաջնորդ պարագաների բերմամբ՝ անհամատեղելի կամ անընդունելի սեռի կամ վարքի տէր մարդու չձեռնադրի, ըստ կամս։
8. Աւելի յիմար կէտ չէի կարող նկատել քան այս մէկը, որին արդէն մանրամասն անդրադարձել եմ իմ գրած նախկին յօդուածներիս միում։ Վեհափառ Հայրապետը Եկեղեցին ՉԻ քաղաքականացրել, գոնէ մի ստէք։ Երբ Հայոց Պետութիւնը գտնւում է գոյութենական էքսիստենցիալ վտանգի եզրին՝ Հայրապետը և իր բոլոր գիտակից և հայրենատէր ՈՒԽՏԱՊԱՀ հոգևորականները լծուել են ՀԱՅՐԵՆԻՔԸ ազատելու թուրքական իշխանութեան խունտայի արկածախնդրութիւնից, որը Հայաստանն ու Արցախը պատերազմի տարին 44 օրեայ արիւնալի օրերին, մերժեցին պատերազմը դադարեցնել, Հոկտեմբեր 2020-ին երկու առիթներով, կոտորել տուեցին 5000 հայորդիներ մարելով նրանց արևը իրենց դաւաճանական որշումներով։ 10,000 հայորդիներ դարձրեցին հաշմանդամ, (ՈՐՈՆՑից շատերին վերականգնման գործը Մայր Աթոռը ինքն կատարեց)։ Ապա առանց որևէ խղճահարութեան կամ հայի ջիղ ունենալու, ԱՐՑԱԽը ափսէի վրայ յանձնեց Ադրբեջանին, անտուն դարձրեց 120,000 հայի, սահմաններից շրջաններ յանձնեց թուրքին, և միջանցք տրամադրեց ալիև կոչուածին։
Այս բոլորը ձեր կոյր աչքերին չեն երևում ի հարկէ.. քանի անոնք են զոհուող, կոտորուող, մեռնողները…։ Մենք Լոս Անջելեսում քէֆ ու պարահանդէսներ սարքենք և սուրճ խմենք որպէս «քրիստոնեայ»…։

«Խաղաղութիւն» կոչուած միայն ու միայն միֆ ու նիկոլական ՍՈՒՏ է։ Ոչ մի խելքը գլխին հայ չի հաւատում այսօրուան իրավիճակով բերուած «խաղաղութեան» երբ գերագրնապէս զինուած Ադրբեջանը ձեր հետ խաղաղութիւն չի ուզում, Հայաստանն է ուզում..։ Արցախի այսօրուան ունեցած «խաղաղութեան» պէս։ Եթէ խաղաղութիւն ուզում է հայը, պէտք է ազգովին միաբանուի ԶԻՆՈՒԻ, մի բան որ այսօրուան թուրքախունտան անկարելի է որ անի։
9. «Շատեր» բառը խիստ յարաբերական և անորոշ է։ Ես էլ կարող եմ ՇԱՏ ԱՒԵԼԻ ու ԲԻՒՐԱՒՈՐ ՇԱՏԵՐԻ մասին վկայակոչել որ Վեհափառ Հայրապետին դէմ տարիներով կը պղծագրեն ամէն մեղք, հայհոյանք, խծբծանք և վարկաբեկում.. Ինչո՞ւ բացարձակապէս կոյր էք Հայց. Առաքելական Եկեղեցու Ծայրագոյն Պատրիարքին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին ուղղուած այդ ուղղութեամբ, սկսած ՆՀՆՀ-ից մինչև այսօր երբ լուռ էիք…։
10. Բացարձակապէս համաձայն չեմ ոչ ես, և ոչ միլիոնաւոր հայորդիներ։ Մայիս 2025-ի Եկեղեցու դէմ արշաւի օրերից սկսած, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հեղինակութիւնը ահաւոր աճ և գերագոյն խոյանք արձանագրեց։ Եթէ որևէ մարդ յաւակնի ասել թէ Հայրապետը «հեռացած է ժողովուրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն»՝ ապա թող բարի գտնուի ԹԵՄԻ առաջնորդը տեսնելու թէ քանի տասնեակ հազար հայեր հեռացած են Հայց. Եկեղեցիէն Արևմտեան Թեմի տարածքում, խորհրդակատարութեան սակերի, որոշ հոգևորականների անտարբերութեան, թեմի կեանքում հոգևոր կեանքը ՄԵՌԵԱԼ տառի վերածելու, և ամէն բան ձևականութեան, պատկերներով հոգևորութիւն ներկայացնելու PHOTO-OP (վա՜յ, նայեցէք եկեղեցին ինչ լիքն է), տրամաբանութեամբ գործելու, երբ մենք ՏԱՐԻՆԵՐՈՎ խնդրեցինք որ հոգևորութեան գործին զարկ տրուի, ինձ հրաւիրեն քարոզելու, ուսուցանելու, աշխատելու աղանդների դէմ, պայքարելու և հոգևոր կեանքի ընթացք տալու… Ի ԶՈՒՐ, ի զուր….։ Մեր պէս հոգևոր բարոյական ու նուիրեալ քահանային ՏԵՂ ՉԿԱՐ ու ՉԿԱՅ։ Ձեր աչքի գերանին պէտք է նայէիք, երկու չափ ու կշիռ օգտագործողդ դա պէտք է ասէիք հաւատացեալ ժողովուրդին միլիոնանոց հայաշատ Արևմտեան Թեմում։
11. Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին և Վեհափառ Հայրապետը երբէք հակապետական դիրքորոշում և առճակատում չի ունեցել Հայոց ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ դէմ։ Զարգացած մարդ էք, բայց անկարող էք զատորոշել պետականութիւնն ու իշխանութիւնը։ Եկեղեցին նոյնիսկ որևէ իշխանութեան հետ խնդիր չունի ու չի յարուցել։ Գերագոյն դաւաճանն է որ խնդիր յարուցեց Հայց. Առաքելական Եկեղեցու դէմ սկսած Մայիս 2025-ին, երբ Ալահշյուքուր Փաշազադէն, (այսինքն փաշօղլիի պապան) ամբաստանեց Հայց. Եկեղեցին ահաբեկչութեան, մարդասպանութեան և ռեվանշիզմի մէջ։ Որի դիմաց, ի հարկէ, դուք՝ որպէս արքեպիսկոպոս ԼՈՒՌ մնացիք մինչև այսօր, և թմբկահարում էք ադրբեջանական նարատիվը..։
12. Քանի 12-րդ կէտ չէք աւելացրել, ես աւելացնեմ։ Խնդրեմ լուռ տուէք ձեր «գիտակ» և «օրինագէտ» գործընկեր Գէորգ տիրադաւին՝ որ Թեմի առաջնորդութիւնից ազատման համար, դատ չեն բացում Հայց. Առաքելական Եկեղեցու դէմ, երբ այդ նոյն Եկեղեցին զինք նշանակել է այդ պաշտօնին, ինչպէս որ քահանայ մը դատի չի տալիս իր եպիսկոպոսին, երբ նա նոյնիսկ անիրաւաբար պաշտօնազրկում է քահանային։
Տարիներով ատուածիս և մէկուսացուածիս կողմէ ձեզ խոնարհաբար խորհուրդ կուտայի որ ատելավառ նիկոլականներին քարոզ կարդայիք՝ որպէսզի դադարեցնեն իրենց արշաւը, հայհոյալից ընթացքը և ատելավառ լեզուն Մայր Աթոռի, Վեհափառ Հայրապետի և հարիւրաւոր ուխտապահ հոգևորականների դէմ որոնց համար Հայրենիքը, Հաւատքը, Արցախը, Պահանջատիրութիւնը, Ցեղասպանութիւնը և նման սիւներ՝ անկորնչելի արժէքներ են, մի անպէտք իշխանութեան ի դէմ, որի արժէքը արտացոլւում է «Երկրի Հակառակ Կողմը» պղծագրութեան էջերով և Երևանի այլասերուած սերունդի մատուցած երգ ու պարով և արժէքներից հեռացնող այլ թմրանիւթերով։
և այո. «Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութիւնը զիս կլանեց» (Սաղմոս 68։10) …Աւելի շատ, աւելի ուժեղ, աւելի տարողունակ և լոյսով ողողուն քան որևէ կուրութիւն, այլասերում և պաշտօնի ու գահի ու աթոռի մարմաջ…»։
