Ապօրինի պատանդառված մեր չորս հայրենակցի վերադարձը Ադրբեջանի բարի կամքի դրսևորում չէ, այլ փոխանակում. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Շատ լավ լուր է իհարկե, որ Բաքվից վերադարձել է այնտեղ ապօրինի պատանդառված մեր չորս հայրենակից: Իհարկե ակնառու է, որ սա Ադրբեջանի բարի կամքի դրսեւորում չէ, այլ փոխանակում, որովհետեւ Հայաստանն էլ հայտնել է երկու սիրիացի վարձկանի վերադարձնելու մասին: Այդ երկու վարձկանները ձերբակալվել էին 44-օրյա պատերազմի օրերին:

Իհարկե չի խոսվում ուղիղ փոխանակման մասին, քանի որ հայտնում են, թե Հայաստանը վարձկաններին Թուրքիայի միջոցով փոխանցել է Սիրիային, որի քաղաքացի են նրանք եւ որտեղ շարունակելու են կրել Հայաստանի դատավճռով իրենց պատիժը: Սակայն պարզ է, որ նրանք Սիրիայում ազատ կարձակվեն, եթե ընդհանրապես հասնեն Սիիրիա: Որովհետեւ, ի վերջո, դրանք թուրքական ենթակայության վարձկաններ են եւ Անկարան կորոշի նրանց հետագա անելիքը:

Կրկնեմ, շատ լավ լուր է, որ Հայաստան է վերադառնում չորս հայրենակից: Պետք է հուսալ, որ մի օր վերադառնան բոլորը: Միաժամանակ իհարկե կասկած չկա, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր հայրենակիցներին պատանդ են պահում նրանց ազատ արձակման դիմաց գին պահանջելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս