Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Anadolu-ի «Տարվա կադրերը» քվեարկությանը
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կազմակերպած «Տարվա կադրերը» մրցույթի քվեարկությանը՝ ուսումնասիրելով 2025-ին Թուրքիայում և աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների լուսանկարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մաշալյանը քվեարկել է տարբեր անվանակարգերում ներկայացված լուսանկարների օգտին՝ ընդգծելով դրանցում արտացոլված մարդկային ապրումները, հույսը և կյանքի հանդեպ հավատը։
Նրա խոսքով՝ լուսանկարիչները կարողանում են կյանքի հոսքից առանձնացնել այնպիսի պահեր, որոնք դառնում են պատմության մաս և նպաստում են հասարակության զգայունության բարձրացմանը։ Պատրիարքը նշել է, որ իր ընտրության մեջ գերակշռել են այն կադրերը, որոնք փոխանցում են ապագայի հանդեպ վստահություն։
«Այս տարի հատկապես հույսի կարիք ունենք՝ հավատալու մարդկային բարությանը և գալիք լավ օրերին»,– նշել է Մաշալյանը։
Նշենք, որ Սահակ Մաշալյանը «Գազա, սով» հատուկ անվանակարգում քվեարկել է Ալի Ջադալլահի լուսանկարի օգտին, որը պատկերում է Գազայում հարկադրաբար տեղահանված պաղեստինցիների վերադարձը իրենց հողեր։ «Դիմանկար» անվանակարգում նա ընտրել է Ջեմ Գենջօղլուի «Ոսկու արժեքով» լուսանկարը։ Լուր»նվանակարգում Մաշալյանի նախընտրությունը տրվել է Էմին Սանսարի «Տոնակատարություններ» լուսանկարին, «Սպորտ» անվանակարգում՝ Օրհան Չիչեքի «Գագաթի տերը» լուսանկարին, «Բնություն և շրջակա միջավայր» բաժնում՝ Օզքան Բիլգինի «Չնայած լիալուսնին», իսկ «Առօրյա կյանք» անվանակարգում՝ Ֆարիդ Կոտբի «Երեխան ամենուր է երեխա» լուսանկարին։






