Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք Գեչերը, Դիլեք Քարաֆազլըն, ինչպես նաև «Գալաթայի Սուրբ Փրկիչ հիմնադրամի» կառավարման խորհրդի ղեկավար Դանիել Աթսյուփը:
Հանդիպման ընթացքում Մաշալյանն անդրադարձել է հասարակության ներսում մերթընդմերթ ատելության խոսքի վերածվող արտահայտություններին, որոնք, ըստ նրա, խանգարում և ազդեցություն են ունենում հայ համայնքի հատսկապես երիտասարդ հատվածի վրա: Վերջինս, ընդգծելով, որ թուրք և հայ ժողովուրդները երկար համատեղ անցյալ ունեն, խոսել է երկու ժողովուրդների միջև ընդհանուր յուրահատկություններ ունենալու մասին:
«Համայնքի բնակչության նվազումը Թուրքիայի տեսանկյունից ևս կարող է դիտարկվել որպես կորուստ»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց միմյանց մոտենալուն զուգահեռ կպակասեն նաև եղած նախապաշարմունքները:
