Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն «Թրամփի ուղին» կարող է օգտագործել այլ նպատակով․ դեսպան

Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- ասաց դեսպանը։

Նա շեշտեց՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն, և որևէ հարց, խնդիր չպետք է մարտահրավեր դառնա այդ հարաբերությունների համար։ Նա հույս հայտնեց, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն։ Ընդգծեց՝ հարցը շարունակում է մնալ պաշտոնական Թեհրանի ուշադրության կենտրոնում։

Նրա խոսքով՝ հայ գործընկերներին ևս հայտնել են՝ Հայաստանին վստահում են, սակայն գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը մի շարք գործողություններ է ձեռնարկել Իրանի նկատմամբ։

Դեսպանը հավելեց, որ Իրանը ողջունում է Հայաստանի ապաշրջափակմանը և զարգացմանն ուղղված ցանկացած քայլ։ Նրա կարծիքով՝ այս համատեքստում Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ արևմուտք-արևելք և հյուսիս-հարավ ուղղություններով։

««Հյուսիս-հարավ» միջանցքը Հայաստանում կարող է ունենալ երկու ճյուղավորում՝ Օմանից դեպի Ռուսաստան և Հնդկաստան, ինչպես նաև Օմանից դեպի Սև ծով»,- նշեց դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս