«Աշխատում եմ, բայց չեմ ցանկանում ձեզ պատասխանել, իմացեք՝ հավաքարար եմ, կլինի՞». նախկին ընդդիմադիր, այժմ իշխանական Անուշ Զուրաբյան

Մամուլն արդեն գրել է, որ «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանն աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում։ Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է այն բանից հետո, քանի որ սկզբում ընդդիմադիր էր, հետո դարձավ իշխանական, իշխանության հետ մասնակցում էր Հովհաննավանքի պատարագներին, նաև Աննա Հակոբյանի կազմակերպած «կրթվելը նորաձև է»  միջոցառմանը։

Զանգահարեցինք Անուշ Զուրաբյանին՝ նախ ճշտելու, թե ի՞նչ աշխատանք է կատարում Կառավարությունում և արդյո՞ք աշխատանքի տեղավորվելու հարցում Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն ունեցել են իրենց ներդրումը։

«Ես աշխատում եմ, թե ինչ բնագավառում ու ինչ՝ դա արդեն իմ որոշելիքն է, չեմ ցանկանում ձեզ պատասխանել։

Կառավարություն ասելով՝ ո՞րը նկատի ունեք, տուն 2, 3 կա, ես չգիտեմ՝ սա ով ինչպես է ընկալել։ Այնտեղ շատ տարբեր հաստիքներ կան, այո՝ աշխատում եմ, բայց չեմ ցանկանում ձեզ պատասխանել, թե ինչ հաստիքի եմ, իմացեք՝ հավաքարար եմ, կլինի՞։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն իմ աշխատանքի հետ կապ չունի, չգիտեմ, թե ով ինչպես է մեկնաբանում։ Իշխանության կողքին կանգնելը՝ իմ որոշումն է եղել։ «Դանակը ոստկորին չհասցնեն», մի օր չպայթեմ ու լրատվամիջոցների դեմ խոսեմ, ու մի քանիսն իրականում գնան համապատասխան տեղ, ես դեռ համբերում եմ, լռում եմ։ Իրականում այդպես չէ, որ ես երկար կլռեմ, ինձ ճանաչողները լավ գիտեն, որ մի օր ես կխոսեմ։

Եթե ես որևէ տեղից հեռանում եմ, ուրեմն՝ լուրջ պատճառ ունեմ, կա այդ պատճառը»,- 168.am հետ զրույցում ասաց նա։

Անուշ Զուրաբյանն ասաց, որ ընդդիմադիր որևէ մեկին չի քննադատում, շատերի հետ նույնիսկ շփվում է՝ ընկերական շփում ունի, բայց նրանց հայացքներն այլևս չի կիսում։

«Ինձ կապում են «Դոգ» կուսակցության հետ, ես կուսակցական չեմ, մեկ ուրիշը՝ «Բարգավաճի» հետ է կապում, խնդրում եմ, կարող եք ճշտել։ Միակ կուսակցական տոմսը, որ ունեցել եմ, եղել է «Հայրենիք» կուսակցությունը, բայց  դիմում եմ ուղարկել, որպեսզի ինձ հեռացնեն իրենց շարքերից։ Կուսակցության հետ երբեք խնդիր չեմ ունեցել, Արթուր Վանեցյանին հարգում եմ, նա շատ հարգանքով է։

Նույնիսկ, երբ Դոգի հետ ուղիղ եթերում ենք եղել, ես Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ քննադատել, միայն Օպերայում որ հավաք է եղել, ասել եմ, որ բոլորդ եկեք՝ երկիր ենք կորցնում։ Հա, դա էլ իմ կողմից էր սխալ, թող ինձ քննադատեն, ասեն՝ սխալ էիր»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հորդորեց, որպեսզի իրեն Նիկոլ Փաշինյանի հետ չկապեն, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ ինքը ժամանակին ընդդիմադիր է եղել, բոլորն էլ տեղյակ են։

Նա նաև ասաց՝ Աննա Հակոբյանը ևս իր աշխատանքի անցնելու հետ կապված առնչություն չունի։

«Հիմա լինում ես կա՛մ իշխանական, կա՛մ ընդդիմադիր, եթե մեկ քայլ այն կողմ ես կանգնում՝ դա հանցագործություն չէ, չի կարելի մարդուն դատապարտել»,- ընդգծեց Անուշ Զուրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս