Թրամփը պատրաստ է Իրանում թե՛ ուժային սցենարի, թե՛ դիվանագիտական լուծման. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է, այդ թվում, ուժային սցենարներն Իրանի նկատմամբ, բայց նախընտրում է դիվանագիտական լուծումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփի իսկապես ուժեղ կողմերից մեկն այն է, որ նա միշտ իր բոլոր տարբերակները պահում է սեղանի վրա։ Նաև ավիահարվածները կարող են դառնալ այն բազմաթիվ տարբերակներից մեկը, որոնք մեր գլխավոր հրամանատարի սեղանին են դրված», – ասել է նա հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ, Լևիթի խոսքով, «դիվանագիտությունը միշտ նախագահի համար հիմնական տարբերակն է»։
Դրա հետ մեկտեղ Լևիթն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը «չի վախենում օգտագործել ռազմական տարբերակներ, եթե դա անհրաժեշտ համարի, և Իրանը դա բոլորից լավ գիտի»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապվել են իրենց հետ և ցանկանում են բանակցել: Նա հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպում է ծրագրվում, սակայն Իրանում հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով «հնարավոր է՝ մենք ստիպված լինենք գործել նախքան այդ հանդիպումը»: Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է արձագանքի շատ խիստ տարբերակներ:
Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։
