«Թրամփի ուղու» վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-14–ը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ–ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը ԱՄՆ–ի հետ երկկողմ ձևաչափով ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ կամ հուշագիր է նախապատրաստում։

«Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն»,– նշել է Բադալյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Տեսանյութեր

Լրահոս