Նման բարդ իրավիճակները նաև հնարավորության այն պատուհաններից են, որով ՀՀ-ն կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը. Վարդան Ոսկանյան

«Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց որոշ հույսեր են ի հայտ գալիս,- Թելեգրամի իր ալիքում այս մասին հրապարակում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը և մանրամասնել,– Ակնհայտ է, որ Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած միտված է եղել հենց Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելությանը և հավանաբար հենց նրա միջոցով է բանակցությունների վերաբերյալ փոխանցվել իրանական այն ուղերձը, որի մասին խոսել է նախագահ Թրամփը։

Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է թե՛ բանակցության, թե՛ պատերազմի։

Առավել ուշագրավ էր, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս առկա է նաև Արաղչի-Վիթֆոք ուղիղ հաղորդակցության խողովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։

Այս ամենին զուգահեռ, միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի և Թուրքիայի կողմից։

Նման չափազանց բարդ իրավիճակները, մարտահրավերների հետ միասին, նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել և անհամեմատ ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը։

#հարափոփոխ_տարածաշրջանը»:

Տեսանյութեր

Լրահոս