Թուրքիան կարող է Իսրայելին զսպող ռազմական բլոկ ձևավորել. իսրայելական մամուլ
Իսրայելական մամուլը մեծ ուշադրությամբ հետևում է այն տեղեկություններին, ըստ որոնց՝ Թուրքիան ցանկանում է և արդեն դիմել է միանալու Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ձևավորած պաշտպանական համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման դաշինքի ստեղծումը կարող է արմատապես փոխել Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական հավասարակշռությունը և լուրջ մարտահրավեր դառնալ Իսրայելի համար։
Սկզբնաղբյուր հանդիսացող ամերիկյան «Bloomberg» պարբերականի հաղորդմամբ՝ քննարկվող ձևաչափը հիմնված է փոխադարձ պաշտպանության սկզբունքի վրա, ըստ որի՝ դաշինքի որևէ անդամի վրա հարձակումն ընկալվելու է որպես հարձակում ուղղված բոլորի դեմ։
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի ներգրավվածության դեպքում դաշինքը կստանա կենտրոնական դերակատար՝ հաշվի առնելով Անկարայի ռազմական ներուժը, զարգացած ռազմարդյունաբերությունը և անօդաչու համակարգերի փորձը։ Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի ֆինանսական կարողությունները և Պակիստանի միջուկային ու հրթիռային ներուժը Թուրքիայի ռազմական փորձի հետ համատեղ կարող են ձևավորել տարածաշրջանում ուժեղ զսպող գործոն՝ Իսրայելի համար։
Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ տարածվող լուրերը վերնագրվում են հիմնականում հետևյալ կերպ. «Խուճապ Թել Ավիվում. Թուրքիան, Սաուդիան Արաբիան և Պակիստանը ռազմական բլոկ կստեղծեն»:
