Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության մեքենան հաշվառված է Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանի հաշվեկշռում և Գյումրու հիվանդանոցից բուժառու էր տեղափոխում «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ճանապարհը եղել է անցանելի, ճանապարհը սպասարկող ընկերությունը կատարել է ոչ միայն ձնամաքրման, այլև աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ երթևեկությունը կարգին է եղել։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
