Տիգրան Ավինյանը դատարանում պարտվել է «Փաստինֆո»-ին. Ֆինանսական ռիսկերով լռեցնելու փորձը չհաջողվեց

«Փաստինֆո»-ն գրում է. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պայքարը «Փաստինֆո»-ի բացահայտումների դեմ մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ նրա պարտությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ավինյանի հայցը։ Այս անգամ Տիգրան Ավինյանին դուր չէր եկել ՝ Երևանի փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի անհամատեղելի պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման մասին «Փաստինֆո»-ի հետաքննության արդյունքները, բացահայտումները։

Հիշեցնենք, որ դեռևս 2022թ. նոյեմբերի 28-ին «Փաստինֆո»-ն արձանագրել էր, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) , տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ, ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող առեւտրային կազմակերպություն էր, որի գործունեությունը միտված էր խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել էր 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսացել է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված էր ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։ «Փաստինֆո»-ին հաջողվել էր ստանալ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, որով հաստատվել էին կոռուպցիոն ռիսկերի մեր կասկածները ու բարձրաձայնել այդ մասին, ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նաեւ պարզ չէ, թե որ աշխատանքը որի հաշվին է արվում՝ փոխքաղաքապետ աշխատելու ընթացքում զբաղվում է նաեւ ԱՆԻՖ-ի կառավարմամբ, թե հակառակը։

Ինչեւէ, մեր հրապարակումների արդյունքում հարցը մեծ հանրային հնչեղություն ստացավ, ու ԱՆԻՖ-ը եւ Ավինյանը որոշեցին գումարային պահանջով լռեցնել «Փաստինֆո»-ին՝ ներկայացնելով երկու առանձին հայցադիմում ընդհանուր առմամբ շուրջ 12.000.000 մլն դրամի փոխհատուցում պահանջելով։ «Փաստինֆո»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոս Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ լրատվամիջոցն իրականացրել է խորապես լրագրողական հետաքննություն՝ ՄԻԵԴ չափանիշներով։ Գործի քննության առաջին փուլն առաջին ատյանի դատարանում հօգուտ հայցվորի էր ավարտվել, դատարանը չպատճառաբանված որոշում էր կայացրել, Վերաքննիչ դատարանը, սակայն, արձանագրել էր դատական սխալըլ և հաստատված համարել «Փաստինֆո»-ի ներկայացուցչի պնդումները, իրավական դիրքորոշում ներկայացրել, համաձայն որի՝ լրագրողական հետաքննության տակ կար իրական փաստեր, ոչ թե անձնական, այլ՝ քաղաքական, պետական գործերի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու հանգամանք և մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերելի են լրագրողական գործունեությանը։ Վերաքննիչ դատարանը որոշել էր գործը կրկին առաջին ատյանի դատարան ուղարկել՝ նոր քննության, քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ էր բաշխել ապացույցները բեռը և «դիտավորության» հնարավոր հանգամանքի ապացուցելու պատասխանատվությունը թողել էր պատասխանողի վրա։ Նոր քննության ընթացքում ապացուցման բեռը ճիշտ է բաշխվել։ Վերաքննիչ դատարանի այս գնահատականներից հետո ԱՆԻՖ-ը, գնահատելով իր դատավարական դիրքերը, հասկանալով, որ լավ բան չի սպասվում՝ դատավարական վախճանի տեսքով, հրաժարվել էր «Փաստինֆո»-ի դեմ հայցից, իսկ Ավինյանը, թեև չի հրաժարվել հայցից, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել՝ դիտավորության մասով։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ, թեև այդ բեռը չպետք է դրված լիներ պատասխանողի վրա, այդուհանդերձ, պատասխանող կողմն ապացույցներ ներկայացրել էր։ Նոր քննության արդյունքում դատարանը վճիռ է կայացրել՝ մերժելով Տիգրան Ավինյանի հայցը, իսկ ԱՆԻՖ-ի մասով՝ կարճել, քանի որ վերջինս հրաժարվել էր հայցից։

«Այս փուլում լիովին ունենք «Փաստինֆո»-ի հաղթանակը՝ Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի դեմ։ Իհարկե Տիգրան Ավինյանը դեռ կարող է վիճարկել վերաքննիչ դատարանում, սակայն, իմ գնահատմամբ՝ իրական, ռեալ շանսեր վերաքննության, եթե անգամ դիմեն, դժվար թե ունենան՝ որևէ բան փոխելու»,- նշեց Սոս Հակոբյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս