Իրանի բանակը հայտարարել է հանրային սեփականությունը պաշտպանելու մասին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունն ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Գերագույն հրամանատարի հրամանատարությամբ բանակը և զինված ուժերը, տարածաշրջանում հակառակորդի գործունեության մոնիթորինգից բացի, կպաշտպանեն ազգային շահերը, երկրի ռազմավարական ենթակառուցվածքները և հանրային սեփականությունը», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025-ի դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Հաղորդվել է զոհերի մասին թե՛ ուժայինների, թե՛ ցուցարարների շրջանում: Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը։

Տեսանյութեր

Լրահոս