Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները հայտարարություն են արել Իրանում կատարված անկարգությունների մասին
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները ուրբաթ օրը դատապարտել են Իրանում տեղի ունեցած «ցուցարարների սպանությունը»՝ կոչ անելով իշխանություններին «զսպվածություն ցուցաբերել», հաղորդում է AFP-ն։
«Մենք խորապես մտահոգված ենք իրանական անվտանգության ուժերի կողմից բռնության մասին հաղորդումներով և խստորեն դատապարտում ենք ցուցարարների սպանությունը»,- ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում իրանական իշխանություններին զսպվածություն ցուցաբերել»,- հավելել են նրանք:
Ավելի վաղ «Սիլնի Իրան» Telegram-ալիքը հայտնել էր, որ Իրանի անվտանգության ուժերը վերացրել են մի քանի կատաղի խռովարարների և ապստամբների, որոնք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ:
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել բողոքի երթեր՝ 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգ Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Չնայած սոցիալական ցանցերում տարածված լայնամասշտաբ և զանգվածային ակցիաների տեսանյութերին, իրանական Fars գործակալությունը պնդում էր, որ ելույթները կրել են «սահմանափակ» բնույթ։ Բողոքի շարժման ակտիվացման ֆոնին երկրում անջատվել են ինտերնետը, բջջային և քաղաքային հեռախոսակապը։
IRIB գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ցույցերի ընթացքում վնասվել է մասնավոր սեփականությունը և քաղաքային ենթակառուցվածքները. ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ և քաղաքային ավտոբուսներ, վնաս է հասցվել մետրոյի կայարաններին, մզկիթներին, բանկերին և խանութներին։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են նաև անկարգությունների ընթացքում զոհերի և վիրավորների մասին։
