Ովքե՞ր են հոգևոր դասի թիրախավորման, բանտարկությունների, զրպարտությունների և պառակտման փորձերի իրական շահառուները. Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցին աբստրակտ հասկացություն չէ, այլ ավելի քան 1700 տարվա անընդհատ շարունակականություն ունեցող, աշխարհում եզակի ինստիտուտներից մեկն է, որի հիմքում կանգնած է իր հոգևոր դասը։

Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, Կաթողիկոսը՝ Եկեղեցու հոգևոր պետն ու ամբողջ հայության հոգևոր առաջնորդը, իսկ հոգևոր դասը՝ Եկեղեցու առաքելությունն իրականացնող մարմինը։ Այսպես է եղել արդեն տասնյոթ դար շարունակ, նույնիսկ այն ժամանակներում, երբ վերացել են հայկական թագավորական ու իշխանական տոհմերը, կործանվել են թագավորություններ, և նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կանգնած է եղել ֆիզիկական բնաջնջման եզրին։

Հայոց Եկեղեցին՝ շնորհիվ իր կառուցվածքի և հատկապես իր հոգևոր դասի, ոչ միայն պահպանել է սեփական ինստիտուցիոնալ շարունակականությունը, այլև ապահովել է հայ ազգի կայացումը որպես ինքնուրույն ազգային միավոր, որն ունի տարածքային պատկանելություն։ Եթե չլիներ Հայոց Եկեղեցին և Կաթողիկոսական Աթոռի վերադարձը Էջմիածին, հայ ազգը վաղուց կարող էր վերածվել այս տարածքներում ապրող էնդեմիկ փոքրամասնության կամ ընդհանրապես վերանալ։

Ուրեմն, հարց տվեք ինքներդ ձեզ՝ ովքե՞ր են հոգևոր դասի թիրախավորման, բանտարկությունների, զրպարտությունների և պառակտման փորձերի իրական շահառուները։ Սա կարևոր հարց է՝ հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում հենց հիմա»։

Տեսանյութեր

Լրահոս