Բաժիններ՝

ԱՄՆ-ի համար հազվագյուտ հողային մետաղները նախապայման էին Ուկրաինայում կարգավորմանը մասնակցության համար. Թրամփ

Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների հետ ԱՄՆ-ի գործարքը պայման էր Վաշինգտոնի կողմից ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը շարունակելու համար: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն, ընդհանուր առմամբ, չի ազդում ԱՄՆ-ի վրա:

«Դա առանձնապես չի ազդում Միացյալ Նահանգների վրա։ Իսկապես չի ազդում», -նշել է նա՝ ընդգծելով, որ ցանկանում է վերջ դնել արյունահեղությանը։

Թրամփը հավելել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենը Կիևին տրամադրել է 350 միլիարդ դոլար, և որ ինքը վերադարձրել է այդ գումարը՝ Ուկրաինայի հետ կնքելով գործարք հազվագյուտ հողային մետաղների շուրջ։

«Ես ասացի՝ եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել, ապա մեզ անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղները, և մենք ցանկանում ենք վերադարձնել մեր փողերը։ Եվ ես շատ արդար գործարք կնքեցի Ուկրաինայի հետ, որի արդյունքում մենք վերադարձնում ենք մեր փողերը», – ասել է նա:

2025 թ. մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի տեքստը: Բազմաթիվ ԶԼՄ-ներ և Գերագույն ռադայի պատգամավորներ դժգոհություն են հայտնել գործարքի պայմաններից՝ նշելով, որ փաստաթուղթը նշանակում է Կիևի կողմից տնտեսական սուվերենության կորուստ և չի ներառում անվտանգության երաշխիքներ, որոնց մասին շատ են խոսել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակում: Այնուամենայնիվ, Ռադան մայիսի 8-ին վավերացրեց ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, իսկ արդեն մայիսի 12-ին Զելենսկին հաստատեց վավերացումը։

ԱՄՆ-ի հետ համաձայնագիրի ստորագրումից հետո էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն հայտնել է, որ Կիևը նոր տարածքներում օգտակար հանածոների արդյունահանման նոր լիցենզիաներից ստացված բոլոր եկամուտների 50%-ը կհատկացնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան հավասար ձայներ կունենան հիմնադրամի կառավարման գործում։ Գործունեության առաջին 10 տարվա ընթացքում հիմնադրամը դիվիդենտներ չի վճարի, և բոլոր եկամուտները կվերաներդրվեն Ուկրաինայում։ Ներդրումները կօգտագործվեն օգտակար հանածոների մշակման ու վերամշակման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս