Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 7-ի երեկոյան հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Միացյալ Նահանգներին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ ու հայտարարելով, որ իրանցիները թույլ չեն տա, որ ԱՄՆ «խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը»։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Մասնավորապես, հայտարարության մեջ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ պաշտոնյաների կողմից արված հայտարարություններն Իրանում տեղի ունեցող ներքին զարգացումների վերաբերյալ՝ որակելով դրանք որպես «ԱՄՆ կառավարության կողմից մեծ իրանական ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ»։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան կողմից հնչեցվող հայտարարությունները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ իրական մտահոգությունից, այլ իրականացվում են «Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների և միջամտության քաղաքականության շրջանակում՝ բռնություն և ահաբեկչություն հրահրելու, երկրում անկարգություններ և անապահովություն ստեղծելու նպատակով»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը, համաձայն երկրի Սահմանադրության, ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը և ջանք չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ընդգծելով տնտեսական դժվարությունները նվազեցնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարևորությունը՝ Իրանի ԱԳՆ-ից հայնտել են, որ այդ խնդիրների զգալի մասը բխում է ԱՄՆ կողմից իրանական կողմի դեմ «պատժամիջոցների միջոցով սանձազերծված համընդհանուր տնտեսական և ֆինանսական պատերազմից»։

Իրանական կողմը մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի դեմ հոգեբանական պատերազմ մղելու, ապատեղեկատվություն տարածող մեդիա արշավ իրականացնելու, ռազմական միջամտության սպառնալիք կիրառելու մեջ՝ շեշտելով, որ այս ամենը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները և միջազգային նորմերը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ կիրառված միակողմանի հարկադրանքի միջոցառումների և տնտեսական պատժամիջոցների անօրինական և անմարդկային բնույթին՝ նշելով, որ այդ պատժամիջոցներն ուղղակիորեն թիրախավորում են իրանցիների մարդու իրավունքները։

Տեսանյութեր

Լրահոս