Պետք է ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն՝ աշխատանքային պայմանագիր ունենալու համար. Սարգսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացնում է, որ 2026 թ. հունվարի 1-ից էլեկտրոնային ստորագրությունը կլինի միակ տարբերակը ՀՀ-ում աշխատող դառնալու համար։
Նա հիշեցրեց, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։
Սարգսյանի խոսքով՝ էլեկտրոնային տարբերակը բավականին հեշտացնում է գործընթացը, քանի որ լրացման համար բոլոր անհրաժեշտ կետերը ներկայացված են առցանց, կան նաև հուշումներ։
«Մինչ այս մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ավելի ուշ են ստացել, քան նախատեսված էր «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ»։ Էլեկտրոնային տարբերակով այս խնդիրը լուծվում է, երբ աշխատողը «Ես եմ» համակարգում ստորագրում է պայմանագիրն իր էլեկտրոնային ստորագրությամբ»,- ասաց Ժորա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ այսպիսով այլևս հնարավոր չի լինելու հետին թվով համաձայնագրեր կնքել։
Նա նշեց, որ էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի միայն մի շարք բացառությունների դեպքում։
«Կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց աշխատանքային հարաբերությունները կարգավորել։ Դրանք մասնավորապես վերաբերում են գաղտնի ծառայության աշխատակիցներին»,- մանրամասնեց Սարգսյանը։
Ըստ Ժորա Սարգսյանի՝ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակը նախատեսված է միայն աշխատանքային պայմանագրերի համար, և այն չի գործելու քաղիրավական կամ կամավորական, կամ էլ փորձնական աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում։
Ասուլիսին ներկա «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանն էլ նշեց, որ այս նոր համակարգը գործարկվել է 2025 թ. հոկտեմբերից, և գործատուներն արդեն իսկ հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր։
Նա տեղեկացրեց, որ այս պահին առկա է 433 աշխատանքային պայմանագիր, որոնք կնքվել են գործատուի ու աշխատակցի կողմից 2025 թ. ընթացքում, և որոնք հնարավոր չի եղել ներառել համակարգի մեջ, հնարավոր է մուտքագրել այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։
«Այս նոր համակարգի կողմից արդեն իսկ ստեղծվել է 1 225 պայմանագիր, որոնք, սակայն, դեռ ստորագրված չեն աշխատողի կողմից։ Ինչ վերաբերում է գործող պայմանագրերին, ապա դրանք ինքնաշխատ տարբերակով կմուտքագրվեն թվային հարթակ, քանի որ ՊԵԿ-ում արդեն իսկ առկա են համապատասխան տեղեկություններ։ Գործատուն ընդամնեը պետք է ստուգի մուտքագրված տվյալները»,- նշեց Աննա Պողոսյանը՝ վստահեցնելով, որ համակարգն ամբողջովին պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումն ու բոլոր փաստաթղթերի կնքումը և ստորագրումը։



