Բաժիններ՝

Թաիլանդում հայտնել են Կամբոջայի կողմից սխալմամբ իրականացված հրետակոծության մասին

Կամբոջան սխալմամբ կրակ է բացել Թաիլանդի տարածքի ուղղությամբ և միջադեպից անմիջապես հետո կապ է հաստատել թաիլանդական կողմի հետ, հայտնում է Թաիլանդի թագավորական բանակը։

«Հետաքննությունը ցույց է տվել, որ դա Կամբոջայից արձակված ականանետային արկ էր, ինչի հետևանքով թաիլանդցի մեկ զինվորական բեկորային թեթև վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ կամբոջական կողմը կապ է հաստատել տվյալ տարածքում գտնվող ստորաբաժանումների հետ՝ հայտարարելով, որ մտադրություն չի ունեցել կրակ բացել Թաիլանդի տարածքի ուղղությամբ։ Նրանք պարզաբանել են, որ միջադեպը սխալմունք է եղել։ Տվյալ գոտում գտնվող Թաիլանդի զինվորական ստորաբաժանումները զգուշացրել են Կամբոջային՝ լինել առավել զգույշ և ընդգծել են, որ նման միջադեպերի կրկնության դեպքում Թաիլանդը կարող է ստիպված լինել պատասխան միջոցներ կիրառել՝ ինքնապաշտպանության նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ։

Թաիլանդի զինվորականները նախկինում հայտարարել են, որ Կամբոջան խախտել է սահմանային հակամարտության ժամանակ հրադադարը՝ դեկտեմբերի 6-ին Ուբոն Ռաչաթհանի նահանգում թաիլանդական զորքերի դիրքերի վրա ականանետներ արձակելով։

Կամբոջան և Թաիլանդը համաձայնության են եկել դեկտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի շուրջ՝ երկու երկրների սահմանային ընդհանուր կոմիտեի երրորդ հատուկ նիստից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս