Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։

Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Հայրը աշխարհ ուղարկեց Որդուն։

Հիսուսի ծնունդով մարդու և Աստծո հարաբերություններում բացվեց նոր դուռ՝ ներման դուռը։ Փրկությունը սկսեց չափվել ոչ թե մեր արդարությամբ, այլ ապաշխարությամբ՝ երբ մարդը գիտակցում է մեղքը, ընդունում է սխալը և փոխում ընթացքը։

«Եկեք, իրար հետ դատենք… եթե ձեր մեղքերը կարմիրի պես լինեն, ձյան պես կսպիտակեն»։ Եվ քրիստոնեական հավատքի առանցքային խոսքը՝ «Ճշմարտությունը կազատի ձեզ»։

Այս «նոր համակարգում» պայմանը պարզ է․ ներման ճանապարհը բացվում է, երբ ընդունում ենք մեր մեղքը և ապաշխարությամբ վերադառնում։ Իսկ երբ չենք փոխվում, շարունակվում է հին տրամաբանությունը՝ հետևանքների կուտակում, մինչև կործանարար եզր։

Բայց միշտ կա վերջին հնարավորությունը՝ գիտակցումը։ Այն պահը, երբ ներսում հստակ տեսնում ես՝ սա սխալ էր, և պետք է կանգ առնել։ Այդ գիտակցումից սկսվում է վերադարձը՝ ներման հնարավորությունը։

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում․ խիստ՝ որպես արդար Դատավոր, և ողորմած՝ Որդու գալուստից հետո՝ որպես Հայր, որ սպասում է վերադարձին։

Այս երեկո մենք պարզապես տոն չենք նշում։ Մենք հիշում ենք մի ճշմարտություն, որ փոխեց մարդու ճակատագիրը՝ Աստված չի կանգնել հեռվում. Նա մտավ պատմության մեջ, մտավ մարդու մեջ, և բացեց վերադարձի ճանապարհը։

Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Մեզ հետ է Աստված՝ Իմմանու-Էլ»:

Տեսանյութեր

Լրահոս