Կուբան հաղորդում է Վենեսուելայում ԱՄՆ գործողության ընթացքում իր 32 զինվորականների և հետախույզների զոհվելու մասին
Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի 32 քաղաքացիներ են զոհվել Վենեսուելայում Միացյալ Նահանգների ռազմական գործողության ընթացքում: Հավանայում երկօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհվածների:
Հայտարարության համաձայն՝ զոհվածները Կուբայի զինված ուժերի զինծառայողներ և հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են:
«Անվտանգության և պաշտպանության ապահովման իրենց պարտականություններին հավատարիմ՝ մեր հայրենակիցներն արժանապատվորեն ու հերոսաբար կատարեցին իրենց պարտքը և ընկան կատաղի դիմադրությունից հետո կա՛մ հարձակվողների դեմ ուղիղ մարտում, կա՛մ օբյեկտների ռմբակոծության հետևանքով», – ասված է հայտարարությունում:
The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել է, որ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 40 մարդ՝ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ:
Հունվարի լույս 3-ի գիշերը ամերիկյան զորքերը հարվածներ հասցրեցին Վենեսուելայի ռազմական օբյեկտներին և ձերբակալեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը, որոնք ԱՄՆ դատարանի առջև կկանգնեն:
