Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետին դարձրել է տնտեսական զարգացման հարցերով իր խորհրդականը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդին նշանակել է որպես իր տնտեսական զարգացման հարցերով խորհրդական։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Քրիստիան շատ փորձառու է նման հարցերում և մեծ փորձ ունի ներդրումներ ներգրավելու ու տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործում։ Այս պահին Ուկրաինան կարիք ունի ուժեղացնելու իր ներքին դիմակայունությունը թե՛ Ուկրաինայի վերականգնման համար, եթե դիվանագիտությունը հնարավորինս արագ արդյունքներ տա, թե՛ մեր պաշտպանությունը ամրապնդելու համար, եթե մեր գործընկերների կողմից ուշացումների պատճառով այս պատերազմին վերջ դնելու համար ավելի երկար ժամանակ պահանջվի»,- գրել է Զելենսկին։

Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցել Ուկրաինային։

Ֆրիլանդը, ով ուկրաինական ծագում ունի, 2019-2024 թվականներին եղել է Կանադայի փոխվարչապետը։ Նա Կանադայի խորհրդարանում գործող օրենսդիր է, ինչպես նաև Օտտավայի հատուկ դեսպանորդն է Ուկրաինայում։

Տեսանյութեր

Լրահոս