Մահացել է ՌԴ հերոս, վաստակավոր փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը
Մահացել է ՌԴ Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային փորձարկումների կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի հերոս, ՌԴ վաստակավոր փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
«Ռուբեն Թադևոսովիչը մահացել է հունվարի 1-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա 79 տարեկան էր»,-հայտնել է Ռոսավիացիան։
Եսայանը եղել է Սասովոյի թռիչքային դպրոցի, Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի և ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության փորձարկող օդաչուների դպրոցի շրջանավարտ։ ՌԴ Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտին միանալուց առաջ աշխատել է Հայկական ԽՍՀ–ի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ Այդ ժամանակաշրջանում նա Անգոլա է գործուղվել այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Եսայանը թռիչքներ է կատարել մարտական գործողությունների շրջաններում։
1986 թվականին Եսայանը միացել է Քաղաքացիական ավիացիայի հետազոտական ինստիտուտին՝ որպես թռիչքային փորձարկող օդաչու աշխատելով տարբեր տեսակի և մոդիֆիկացիաների ինքնաթիռների հետ, այդ թվում՝ Տու-334, Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114։ Նա Բ-200 ինքնաթիռով սահմանել է ավիացիայում հինգ համաշխարհային ռեկորդ։ Եսայանը ավելի քան 80 թռիչք է կատարել դեպի Հարավային բևեռ և Կենտրոնական Անտարկտիդա։
Եսայանն իր թռիչքային փորձնական աշխատանքներն ավարտել է 2014 թվականին՝ կատարելով Tu-154M-ի եզակի վայրէջք չգործող Սմիշլյաևկա օդանավակայանի (նախկինում՝ Սամարայի օդանավակայան) թռիչքուղու վրա, որը կրկնակի փոքր էր այս տեսակի ինքնաթիռների վայրէջքի համար նախատեսված անհրաժեշտ երկարությունից։
2014 թվականից նա ծառայել է Քաղաքացիական ավիացիայի պետական հետազոտական ինստիտուտի ղեկավարությունում, որտեղից էլ թոշակի է անցել։
Ռոսավիացիայի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնել Եսայանի հարազատներին և մերձավորներին:
