Բաժիններ՝

«Երեխայի հետ զրույցի առանձնահատուկ ձև է՝ խաղի միջոցով». առաջին անգամ տպագրվել է «Սուրբ Ծնունդ» փազլ

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների կողմից, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առաջին անգամ՝ սահմանափակ քանակով, տպագրվել է «Սուրբ Ծնունդ» փազլ, որը թանգարանային փազլների շարքի առաջինն է:

Նախագծի համակարգող Նիկա Ասատրյանը հայտնել է, որ փազլը խաղալիք չէ՝ բառիս սովորական իմաստով, և ոչ էլ պարզապես տոնական հուշանվեր։ Այս փազլը երեխայի հետ զրույցի առանձնահատուկ ձև է՝ խաղի միջոցով։

«Փազլը դառնում է առաջին շփումը հայկական մանրանկարչության աշխարհի հետ՝ նրա խորհրդանիշերի, ռիթմի, աստվածաբանական իմաստի և գեղարվեստական խորության հետ։ Խաղային ձևաչափով երեխան ծանոթանում է ոչ միայն կրոնական սյուժեին, այլև հայկական արվեստին՝ որպես սեփական մշակույթի կենդանի մաս։

Պատկերը հավաքելով՝ նա աստիճանաբար սկսում է ուշադիր նայել, ընտելանալ, տարբերակել մանրամասները և աննկատ կերպով սիրահարվել։

Հենց այսպիսի աննկատ ձևով է հնարավոր ամենակարևորը՝ առանց ճնշման և խրատականության երեխային բերել դեպի գեղեցկություն, իսկ գեղեցկության միջոցով՝ դեպի հավատք։ Հայկական մանրանկարչությունը, որպես մեր պատմության և հոգևոր ավանդույթի առանցքային երևույթներից մեկը, դառնում է հասկանալի և մոտիկ, դադարում է լինել թանգարանային հեռավորություն և բնական ու ուրախ կերպով մտնում է մանկական աշխարհ։

Այս Սուրբ Ծննդյան նվերները ոչ միայն շնորհավորանք են Սուրբ Ծննդյան տոնի առիթով։ Դրանք հրավեր են երկխոսության, հնարավորություն՝ երեխաների հետ խոսելու այն լեզվով, որը նրանք զգում և հասկանում են՝ խաղի միջոցով, արվեստի միջոցով, սիրո միջոցով, քայլ առ քայլ՝ ստեղծելով Աստծո և սեփական մշակութային հիշողության հետ ճշմարիտ հաղորդակցություն»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս