Պուտին-Թրամփ հերթական զրույցն է տեղի ունեցել՝ նախագահականի վրա հարձակումից հետո
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը նոր հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տնից հայտնում են, որ այն դրական է անցել։ Պուտինն այս տարի 17 շփում է ունեցել ամերիկյան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ 10 զրույց Թրամփի հետ:
ՌԴ նախագահը Թրամփի ուշադրությունը հրավիրել է Կիևի կողմից Նովգորոդի մարզում գտնվող իր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա։
Թրամփը և նրա խորհրդականներն էլ իրենց հերթին Պուտինին տեղեկացրել են Զելենսկու հետ բանակցությունների արդյունքների մասին։
Պուտինը շատ հստակ հայտարարել է Թրամփի հետ զրույցում, որ ՌԴ դիրքորոշումը կվերանայվի Կիևի կողմից իրականացվող պետական ահաբեկչության դեպքից հետո։
ՌԴ նախագահը շեշտել է՝ Կիևի ահաբեկչական գործողությունները նախագահական նստավայրի վրա հարձակմամբ անպատասխան չեն մնա։
Սպիտակ տնից էլ հայտարարել են՝ ԱՄՆ նախագահը ցնցված և վրդովված է Կիևի կողմից Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է ասել, որ ԱՄՆ վարչակազմը, փառք Աստծո, Կիևին Տոմահավկ հրթիռներ չի տվել։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահի նստավայրի վրա ԱԹՍ-ների հարձակումը կազդի Զելենսկու հետ աշխատելու ամերիկյան մոտեցումների վրա։
