Թուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են դիվանագիտական անձնագիր ունեցողների, հատուկ և ծառայողական անձնագիր ունեցողների համար էլեկտրոնային վիզաների անվճար տրամադրման, վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու մասին:
Դա կլինի հունվարի 1-ից: Ինչպես ասել էր Էրդողանը մի երկու շաբաթ առաջ՝ խորհրդանշական քայլեր են կատարվում: Այս քայլերը սակայն անգամ խորհրդանշական անվանելն է այսպես ասած չափազանցություն: Իհարկե չեն սահմանափակվի սրանով:
Կարծում եմ, որ մինչեւ խորհրդարանի ընտրություն կլինի եւս մի քայլ՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը: Այդ համաձայնությունների մասին Երեւանն ու Անկարան հայտարարել են դեռեւս 3 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին, հատուկ բանագնացների հանդիպումից հետո: Եվ երեք տարի չի իրականացվել այդ պայմանավորվածությունը, մինչ Հայաստանը չի կատարել մի շարք պայմաններ: Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022-ին, բայց դրանցից առաջինը կատարվում է միայն 2026-ին:
Որովհետեւ եղել են պայմաններ, որոնք կատարվել են այդ ընթացքում: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին Վիեննայում կայացած այդ հանդիպումը չորորդն էր հատուկ բանագնացների մակարդակով: Հետաքրրքիր էր ժամանակագրությունը: Ուրեմն 2022 թվականի հունվարից սկսած հանդիպել են չորս անգամ՝ Մոսկվայում ու Վիեննայում, եւ չորրորդ հանդիպմանն առաջին անգամ հայտարարել են, որ ինչ որ բան են պայմանավորվել:
Եվ ուշադրություն՝ դրանից հետո այլեւս չի եղել հանդիպում երկու տարի, իսկ հինգերորդ հանդիպումը եղել է միայն 2024 թվականի հուլիսին: Եվ սա եւս վկայում է, որ պայմանավորվածությունից հետո անցած ժամանակահատվածում եղել է աշխատանք պայմանները կատարելու ուղղությամբ, որն այսպես ասած ի մի է բերվել 2024 թվականի հուլիսից սկսած: Իհարկե ակնառու է, որ այս ամենը միայն ձեւով է, որ կապ ունի հայ-թուրքական հարաբերություն կարգավորելու հետ: Իսկ բովանդակությամբ՝ Թուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ: Պաշտոնական Երեւանն էլ իհարկե խաղում է իր նախընտրական խաղը, ձգտելով անհրաժեշտ «հաշվի»»:
