Իրանը մեղադրել է Իսրայելին Սոմալիի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային դատապարտել է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են Սոմալիի ինքնիշխանությունն ու տարածքային ամոբղջականությունը՝ նախազգուշացնելով, որ այդ քայլն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանը եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը Կարմիր ծովում եւ Աֆրիկյան եղջյուրում, տեղեկացրել է Tasnim-ը։
Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Բաղային դատապարտել է Իսրայելի գործողությունները, որոնք ուղղված են «Սոմալիի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտմանը՝ իսլամական երկիրը մասնատելու դավադրությունը առաջ մղելու ջանքերի միջոցով, որպես ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում»։
Ընդգծելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը Սոմալիի Դաշնային Հանրապետության ազգային ինքնիշխանությունը, միասնությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նա ասել է, որ «սիոնիստական ռեժիմի չարամիտ մանեւրը համապատասխանում է տարածաշրջանային երկրներն ապակայունացնելու եւ Կարմիր ծովում եւ Աֆրիկյան եղջյուրում անապահով իրավիճակը խորացնելու նրա քաղաքականությանը»։
Իրանի ներկայացուցիչը նաեւ աջակցություն է հայտնել Իսլամական համագործակցության կազմակերպության եւ Աֆրիկյան միության կողմից Իսրայելի գործողությունները դատապարտելու հարցում որդեգրած վճռական դիրքորոշմանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը վճռական գործողություններ ձեռնարկել այս էքսպանսիոնիստական եւ սպառնալից քայլին հակազդելու համար։
Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Սոմալիի անջատված շրջան Սոմալիլենդը որպես անկախ պետություն։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է անհապաղ ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։
Սոմալիլենդի առաջնորդ Աբդիռահման Մոհամեդ Աբդուլահին այս իրադարձությունն անվանել է «պատմական պահ»։ Իսրայելի կողմից ճանաչումը կարող է խրախուսել այլ երկրներին հետեւել նրա օրինակին։
Սոմալիլենդը ռազմավարական դիրք է զբաղեցնում Ադենի ծոցում եւ ունի իր սեփական արժույթը, անձնագրերը եւ ոստիկանությունը։ Ստեղծվելով 1991թ․ նախկին բռնապետ, գեներալ Սիադ Բարեի դեմ անկախության պատերազմից հետո, Սոմալիլենդը տասնամյակներ շարունակ պայքարել է մեկուսացման դեմ։ Ինքնահռչակ հանրապետությունը, որն ունի գրեթե վեց միլիոն բնակչություն, վերջերս հայտնվել է Սոմալիի, Եթովպիայի եւ Եգիպտոսի հետ կապված մի շարք տարածաշրջանային վեճերի կենտրոնում։
