Լիբիայի Գլխավոր շտաբի պետի ինքնաթիռի կործանման հետ կապված սաբոտաժի վարկածը չի հաստատվել․ «Թուրքիայի ձայն»
Անկարայում Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռի կործանման հետ կապված սաբոտաժի տեսությունը չի հաստատվել, գրել է «Թուրքիայի ձայն/Թուրքիա օնլայն» թելեգրամ-ալիքը։
Ինչպես նշել է աղբյուրը, Falcon 50 ինքնաթիռի հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ զոհվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետը, բուռն քննարկումներ է առաջացրել լրատվամիջոցներում եւ սոցցանցերում։ Շատերը շտապել են ողբերգությունը վերագրել սաբոտաժին կամ թաքնված քաղաքական ենթատեքստին, սակայն ավելի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական պատճառը տեխնիկական գործոններն էին։
«Falcon 50-ը դեռեւս 1970-ականներին նախագծված ինքնաթիռ է։ Շահագործման տասնամյակների ընթացքում դրա հետ կապված մի քանի լուրջ վթարներ են եղել, դրա համակարգերը ժամանակակից ավիացիոն անվտանգության չափանիշներով համարվում են հնացած։ Հաշվի առնելով ինքնաթիռի տարիքը եւ ինտենսիվ օգտագործումը՝ տեխնիկական խափանման ռիսկը չափազանց բարձր էր»,- ընդգծել է «Թուրքիայի ձայնը»։
